Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժել է դատավորների ինքնաբացարկի միջնորդությունները


Սահմանադրական դատարանը աշխատակարգային վերջին նիստում դատավորների ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդություն է քննել և բոլորն էլ մերժել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Նա չմեկանբանեց այն տեղեկությունը, որ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արևիկ Պետրոսյանը, իսկ Վահե Գրիգորյանն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հրայր Թովմասյանին։

Ինքնաբացարկի հիմնավորումների վերաբերյալ ևս ՍԴ-ից տեղեկություններ ստանալ չհաջողվեց։

Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումի մեջ ներառել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։ Ըստ օրենքի, ինքնաբացարկի հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ միայն եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ, որի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչու իրենց կարծիքով Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել բողոքի քննությանը. - «Պատճառը շատ հստակ է։ Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի։ Դրանից ելնելով, կարծում ենք, որ ինքը ունի կանխակալ վերաբերմունք որոշակիորեն։ Այս հանգամանքների լույսի ներքո նման միջնորդություն ներկայացվել է, կտեսնենք ինչ կլինի. Բոլոր դեպքերում ես մշտապես այդ դիրքորոշում հայտնել եմ, այս անգամ էլ թող բացառություն չլինի»։

Ինչ վերաբերում է արդեն կայացված որոշմանը, ըստ որի Սահմանադրական դատարանը ողջ կազմով, այդ թվում Վահե Գրիգորյանը մասնակցությամբ է քննելու հարցը Վարդևանյանը ասում է՝ ընդունել են ի գիտություն. - «Բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանի որոշումը ընդունում ենք ի գիտություն, ըստ դրա շարժվում ենք առաջ։ Նշվածի վերաբերյալ եթե անհրաժեշտություն էլ կլինի, դատական նիստի ընթացքում, որը հուլիսի իննին է, ես անդրադարձ կկատարեմ»։

Վարդևանյանին ևս հայտին չէ, թե ինչ հիմնավորումներով է ինքնաբացարկ ներկայացվել դատավոր Հրայր Թովմասյանին։ Ասում է՝ ինքը հարցի քննությանը Թովմասյանի մանսակցության ոչ մի խոչընդոտ չի տեսնում. - «Դատավորի կողմից որևէ վարքագիծ, որը կարող էր կանխակալության տպավորություն թողնել, ես չեմ տեսել։ Հակառակը, օրինակ ներկայիս իշխանության կողմից որոշակի ոտնձգություն, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի նկատմամբ, տեսել եմ»։

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը մինչև բարձր դատարանի անդամ դառնալը Հանրապետական կուսակցության անդամ և պատգամավոր էր։ Հանրապետականը, որ այժմ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում է, «Հայաստան» դաշինքի և ևս երկու ուժերի հետ վիճարկում է ընտրությունների արդյունքները։

Ինքնաբացարկի միջնորդության բավարարման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն, այսինքն՝ ինը դատավորներից վեցը պետք է կողմ քվեարկեին, ինչը տեղի չի ունեցել։

Նույն աշխատակարգային նիստում որոշվել է նաև, որ Աժ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։

Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

XS
SM
MD
LG