Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ի ներկայացրած թվերը կապ չունեն իրականության հետ. ԱԺԲ


Ձախից աջ՝ Արա Պապյան, Վահե Գասպարյան և Ժիրայր Սեֆիլյան
Ձախից աջ՝ Արա Պապյան, Վահե Գասպարյան և Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) չի ընդունում արտահերթի արդյունքերը, բայց և չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան:

Արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի անդամներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պնդեցին, թե ընտրություններն անազատ ու անարդար են անցկացվել, դրանք զանգվածային ընտրակեղծարարություններով են ուղեկցվել, ունեն փաստեր, որոնք Գլխավոր դատախազություն են ներկայացրել։

«Սահմանադրական դատարան իմաստ չենք տեսնում դիմելու։ Մենք դիմել ենք դատախազություն, որովհետև սա քրեական հանցագործություն է։ Սահմանադրական դատարանի դիմել են ուրիշները, էնտեղ միևնույն է այդ ամբողջը կարող է քննարկվել», - ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։

Թեև միջազգային ու տեղական դիտորդներն արձանագրել են, որ ընտրախախտումները զանգվածային չեն եղել, եղածներն էլ չեն ազդել վերջնական արդյունքի վրա, բևեռում վստահ են, որ բոլոր այն ընտրախախտումները, որոնք գործադրվել են նախորդ ընտրություններին, մի քանի անգամ ավելի մեծ ծավալով արտահերթին կիրառվել են ոչ միայն իշխանության կողմից, այլև խորհրդարան անցած ընդդիմության։ Պնդում են, որ իրենք էլ մի քանի ընտրատեղամասում արձանագրել են ընտրախատումներ։ Ասում են՝ կա'մ 25 համարի քվեաթերթիկներ չեն եղել ընտրատեղամսերում կա'մ էլ եղել են, բայց իրենց ձայները չեն հաշվել։

«Առնվազն 10-12 ընտրատեղամասերում, որտեղ մենք ունենք ձայներ հավաքած, իրենք գրել են զրո։ Դրանից բացի, իրենք էնքան լկտիաբար են վարվել, որ գրել են զրո։ Գոնե գրեին երեք, հինգ, որպեսզի մեջտեղ չգար», - նշեց Պապյանը։

«Սա կոչել ընտրություններ ճիշտ չէ, ավելի ճիշտ կլինի կոչել օպերացիա, որ նախօրոք նախապատրաստված է։ Իմիջիայլոց, մենք շատ պիտի չթերագնահատենք հակառակորդին, կարող ենք ասել՝ ոսկերչական աշխատանք են տարել», - հավելեց ԱԺԲ-ի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Բևեռում ավելի քան համոզված են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած թվերը կապ չուն իրականության հետ, կասկած չունեն՝ իրենց ստացել են 5 տոկոսից ավելի ձայն:

ԿԸՀ-ի վերջնական տվյալով, Ազգային ժողովրդավարական բևեռը 18 հազար 976 ձայն կամ 1,49 տոկոս է ստացել։ Խորհրդարան չանցնելու պատճառը, ըստ բևեռի ներկայացուցիչների, իրենց արևմտյան կողմնորոշումն է։ Նրանք կասկած չունեն, որ Մոսկվան է կանխորոշել ընտրությունների վերջնարդյունքը։

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի մեկ այլ անդամ՝ Վահե Գասպարյանն ասաց. - «Եթե մենք հայտնվեինք խորհրդարանում և դառնայինք խորհրդարանական ուժ, մեզ ավելի հեշտ կլիներ երկիրը այդ ուղղությամբ տանել։ Բայց հենց այդ պատճառով եղավ քաղաքական պատվեր, որ Ազգային ժողովրդավարական բևեռը չպիտի հայտնվի խորհրդարանում»։

Այդուհանդերձ, իրենք չեն պատրաստվում ընկրկել, շարունակելու են պայքարը։ Ինչպես իրենք են ասում՝ պատրաստվում են քաղաքական Սարդարապատի:

Նրանք վստահ են, որ խորհրդարան անցած իշխանությունն ու ընդդիմությունը Կրեմլի կամակատարներն են:

«Մոսկվան, գործելով Անկարայի և Բաքվի հետ համաձայնաբար, նպատակ ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու հետևանքով ապալեգիտիմացած Հայաստանի ներկայիս իշխանություններին ընտրությունների միջոցով վերալեգիտիմացնել և նրանց ձեռքով ավարտին հասցնել Լավրովի պլանի ընդլայնված տարբերակի իրականացումը», - հայտարարեց Վահե Գասպարյանը։

Արտահերթի վերջնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիրը» 53,91 ձայների դիմաց խորհրդարանում ստացել է 71, երկրորդ նախագահ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը 21,9 տոկոսի դիմաց՝ 29, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը 5,22 տոկոսի դիմաց՝ 7 մանդատ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG