Մատչելիության հղումներ

Չորս քաղաքական ուժ դիմել է ՍԴ` ընտրությունններին առնչվող տարբեր պահանջներով


Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքն այսօր դիմել են Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծություն, կից փաստաթղթեր և հիմնավորումներ։ Այսօր հրավիրված ճեպազրույցում իրենց հայցն այսպես բնութագրեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը. «Մենք ներկայացրել ենք մի շարք ապացույցներ թե կրիչներով նույնիսկ, որովհետև խոսքը գնում է տեսանյութերի մասին: Մենք ներկայացրել ենք 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որը, ըստ էության, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով, կրկին փոքր-ինչ կլորացնելով եմ թվերն ասում, մենք տեսել ենք, որ ընտրական տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ»:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները վիճարկող դիմումի հետ մեկտեղ Սահմանադրական դատարան է ներկայացրել գրություն այս քննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության վերաբերյալ։ Դաշինքի բացատրությունը հետևյալն է. «Պատճառը շատ հստակ է. Վահե Գրիգորյանը, տեղյակ եք, որ մասնակցել է որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարել է ասել, հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի: Դրանից ելնելով նաև կարծում ենք, որ ինքն ունի կանխակալ վերաբերմունք որոշակիորեն: Այդ հանգամանքների լույսի ներքո նման միջնորդություն ներկայացվել է, կտեսնենք` ինչ կլինի»:

Ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարանի որևէ դատավորի ինքնաբացարկի հարց կարող է ներկայացնել միայն դատավորներից մեկը։ Հետևաբար, հարցը քննարկման առարկա կդառնա, միայն եթե ՍԴ-ի մյուս ութ դատավորներից որևէ մեկը նման անհրաժեշտություն տեսնի։

Ինքնաբացարկի որոշման համար էլ անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն՝ այս դեպքում վեց դատավոր պետք է կողմ լինի։ Հաշտ կլինե՞ք Սահմանադրական դատարան ցանկացած որոշման հետ, հետաքրքրվեցինք Արամ Վարդևանյանից: «Սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ գնահատական կարելի է տալ միայն որոշումների ընդունումից հետո դրանց ծանոթանալուց հետո: Նախապես գնահատական տալն իրավաբանական համայնքում այդքան էլ ընդունված մոտեցում չէ:

Վստահություն որպես այդպիսին, կարելի է ասել, իրավական կատեգորիա չէ: Այո, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ենթադրենք, Վերաքննիչ քրեական դատարանում ունենք, օրինակ, մի քանի շատ հայտնի «դատավորներ», առաջին ատյանում ևս ունենք նման դատավորներ, որոնք, օրինակ, կարող են հունիսի 20-ին խուզարկության թույլտվություն տալ: Այդպիսի դատավորների դեպքում վստահություն չունենք: Սահմանադրական դատարանի վերաբերյալ նման պնդում չեմ կարող անել: Կարող եմ մի բան ասել, որ այն փաստը, որ մենք դիմումը ներկայացնում ենք, կանխավարկածն այնպիսինն է, որ պետք է ունենանք սահմանադրական արդարադատություն»:

Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ, ընդ որում ոչ թե աշխատանքային, այլ օրացույցային։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ ավելի երկար ժամկետի կարիք Սահմանադրական դատարանը չի էլ ունենա, վստահ է՝ լուրջ փաստարկներ չկան խախտումների մասին: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հանդեպ վստահությանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես, հենվելով այն դատավորների վրա, ում ես անձամբ այստեղ կողմ եմ քվեարկել, այդ մասով առնվազն վստահում եմ:

Կզարմանամ, եթե Սահմանադրական դատարանը այս դիմումը, որը որ իրենք ներկայացրել են, երկար քննի, որովհետև ակնհայտ է, որ սա արվում է դեմքը պահպանելու համար, որպեսզի մենք հնարավորություն չունենանք ասել, որ ևս մեկ աննախադեպ արդար ընտրություններ ենք անցկացրել Հայաստանի Հանրապետությունում»:

Սահմանադրական դատարանում գործընթացը մի քանի զարգացում կարող է ունենալ։ Տարբերակ առաջին՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Այս դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվել ընտրությունների երկրորդ փուլ։

Նորընտիր ԱԺ -ն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։ Սահմանադրության 90-րդ հոդվածում որպես ժամկետ սահմանվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ Կազմավորման օրը համարվում է մանդատների բաշխման օրը, որը կնշանակվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, «Ազատության» հետ զրույցում հստակեցրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Կազմավորում» բառը մենք մի անգամ 18 թվականին արդեն մեկնաբանել ենք: ԿԸՀ-ն արձանագրություն կազմեց, և երբ որ կոնկրետ արձանագրությամբ տրվում են մանդատները, մեկնաբանվեց, որ հենց այդ պահը պետք է հաշվել կազմավորման պահ, որովհետև ուրիշ կազմավորման պահի սահմանում չկա»:

Ընտրությունների վիճարկման մասին ստացված 4 դիմումները Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են քննվել թե միասին, թե առանձին-առանձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG