Մատչելիության հղումներ

Ընտրություններին մասնակցած ուժերից երեքը կդիմեն ՍԴ՝ վիճարկելու արդյունքները


Հունիսի 20-ին ընտրություններին մասնակցած 3 ուժ հայտարարում է Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու մտադրության մասին՝ վիճարկելու ընտրության արդյուքները։

Խորհրդարան անցած, սակայն կեղծիքների մասին հիմնավոր կասկածներ ունեցող «Պատիվ ունեմ» դաշինքի խոսնակն ասում է՝ դիմում են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. «Որից ելնելով արդեն Սահմանադրական դատարանը կարող է կայացնել մի քանի տեսակի որոշում, այսինքն դա կլինի մանդատների վերաբաշխում, կլինի երկրորդ փուլի նշանակում, թե նոր արտահերթ ընտրությունների, թե ընտրությունների արդյունքները ուժի մեջ թողնելու, դա արդեն երկրորդ հարցն է»:

Հունիսի 20-ի ընտրություններին 5.2 տոկոս ձայն հավաքած «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7 տոկոսի շեմը չի հաղթահարել, սակայն կլինի խորհրդարանում Ընտրական օրենսգրքի պահանջով, ըստ որի՝ Ազգային ժողովում պետք ներկայացված լինի առնվազն 3 ուժ, իսկ ընդդիմադիրները միասին պետք է ունենան ընդհանուր մանդատների 1/3-ից ոչ պակաս աթոռ։ Մոտ 66 հազար ընտրողների քվե կամ 7 մանդատ ստացած «Պատիվ ունեմ» դաշինքից Սոս Հակոբյանն ասում է՝ այժմ պատրաստում են դիմումը։

«Սկսած վարչական ռեսուրսի օգտագործումից, շարունակելով զինվորականների ուղղորդումով, առհասարակ արդար և մրցակցային ընտրական պահանջները օրենքով նախատեսված խախտելուն, այսինքն այն ամենի մասին, ինչ մենք ամեն օր երևի խոսում ենք», - ասաց Հակոբյանը:

Ընտրություններում մոտ 269 հազար ընտրողի քվե, ապա խորհրդարանում 29 մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դեռ երեկ հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին, դիմումի հիմքում կդնեն իրենց ձեռք բերած ապացույցները զինվորների ուղղորդված քվեարկության, վարչապետի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, վարչական ռեսուրսի կիրառման և այլ հանգամանքների վերաբերյալ։

Իր հերթին, խորհրդարան չանցած «Զարթոնք» դաշինքի վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանն ասում է, որ իրենք դիմում են ՍԴ, ոչ թե «Զարթոնքի» ստացած ձայներին առնչվող մտահոգությամբ, այլ «Քաղաքացիական պայմանագրի» ստացած 688 հազար քվեի վերաբերյալ հիմնավոր կասկածով։

«Ամենակարևորը հավանաբար նա է, որ նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ և բռնության կոչեր են հնչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի կողմից և այդ փաստը հաստատվել վարչական դատարանի վճիռներով: Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն են իրականացրել, քվեարկության օրը ընտրատեղամասերում կուտակումներ են եղել, բազմաթիվ կտրոնների վրա բացակայել են լուսանկարները, արձանագրվել են ուղղորդված քվեարկության դեպքեր», - ներկայացրեց Զոհրաբյանը:

Սահմանադրական դատարանում արդեն սպասողական տրամադրություն է։ Օրենքի պահանջով կուսակցությունները կամ դաշինքները ընտրության պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ը կարող են դիմել դատարան, այսպիսով ստացվում է ուրբաթ օրը։ Քննությունը ընթանալու է բանավոր ընթացակարգով և բաց է լինելու հանրության համար, որպես պատասխանող կողմ հանդես է գալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ի՞նչ զարգացումներ կարող են լինել արդեն բարձր դատարանում, հետաքրքրվեցինք ՍԴ մամուլի քարտուղարից։ «Ընտրական վեճերով որոշումները հստակ կերպով սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և ես ուզում եմ բառացիորեն մեջբերել այն հնարավոր որոշումները, որոնք այսպիսի վեճերով կարող են կայացվել. տարբերակ առաջին՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և ա) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, բ) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, գ) նշանակել ընտրությունների երկրորդ փուլ», - պատասխանեց ՍԴ մամուլի քարտուղարը:

Ընտրական վեճերին առնչվող հարցերը ՍԴ-ը պարտավոր է քննել արագ և չի կարող ձգձգել ամիսներ շարունակ. «Թերևս պետք է նշել, որ ընտրական վեճերի համար Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով վեճերի համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ»:

XS
SM
MD
LG