Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը երեկ երեկոյան առաջին ընդհանուր ժողովն էր հրավիրել։ Երկրորդ տեղը գրաված ու 29 մանդատով խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե այս խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հաղթահարվել և իրենք պայքարելու են այն հաղթահարելու համար։
Այդուհանդերձ Քոչարյանը 1.5 տարի անց արտահերթ նոր ընտրություններ կանխատեսեց։
«Նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, այն, ինչի համար կազմակերպվել են այս արտահերթ ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններ, թե ինչու ենք մենք պարտվել, ինչու ենք մենք զոհեր տվել 5 հազար, և այն կասկածները, որ եղել են այդ 5 միլիարդը Ղարաբաղի դիմաց գործարքի մասին, մնալու են մեր հասարակության մոտ իբրև լուրջ կասկածներ։ Հիմա ո՞նց եք դուք մտածում, այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում կարո՞ղ ենք Հայաստանում ապրել համերաշխ ներքաղաքական կայունության պայմաններում, ո՛չ, ո՛չ և ո՛չ, ուղղակի սա իմ համոզմունքն է», - ասաց Քոչարյանը:
Իր առաջնորդած ուժը Քոչարյանը ռադիկալ ընդդիմություն հռչակեց և հայտարարեց՝ վերջին պատերազմն արհեստածին էր ու իրենք դա ապացուցելու են։
Ստեղծված իրավիճակը շտկելու համար, ըստ Քոչարյանի, իշխանությունը երկու ճանապարհ ունի․ - «Կա երկու ճանապարհ իշխանության համար՝ շարունակել անել այն, ինչ անում են մինչև այսօր՝ ռեպրեսիաներ, հետապնդումներ և քայլեր, որոնք ավելի շատ հետաքրքիր են Բաքվի և Անկարայի համար, քան՝ Հայաստանի համար, և կա ուրիշ ճանապարհ՝ դասեր քաղել այս ամեն ինչից և կտրականապես փոխել քաղաքականությունը։ Այդ հնարավորությունն իրենք ունեին, բայց այնուամենայնիվ ակնհայտ է, որ իրենք ընտրել են առաջին ճանապարհը»։
Իրենց անելիքների մասին խոսելիս՝ Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Քոչարյանն ասաց՝ հանգիստ չեն թողնելու այն իշխանությանը, որը կատարվածում իր մեղքը չի ընդունել։
Խորհրդարանական ընդդիմությունն, ըատ «Հայաստան» դաշինքի առաջնորդի, վերջին տարիներին բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ։ Իրենք, ասաց, վերականգնելու են հավատը խորհրդարանական ընդդիմության հանդեպ։
«Մենք ցույց ենք տալիս, որ այս իշխանությունը, որն ամենից շատն է խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ամենից կոռումպացված իշխանությունն է։ Մենք դա ապացուցելու ենք։ Մենք համատեղելու ենք մեր խորհրդարանական աշխատանքը, փողոցային պայքարը և լրատվական դաշտում պայքարը», - ասաց Քոչարյանը։
Իր ելույթի սկզբում Ռոբերտ Քոչարյանը կրկին անսպասելի որակեց ընտրության արդյունքները, նշեց, որ հպարտ է իրենց ձայն տված շուրջ 270 հազար քաղաքացիներով, առանձնացրեց «Հայաստան» դաշինքի և ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպած հանրահավաքներն ու նշեց, թե իրենց մոտ էներգետիկան ավելի մեծ էր։
Նախկին նախագահը, որն ավելի վաղ ակնարկել էր, որ իրեն խորհրդարանում չի պատկերացնում, երեկ էլ չհստակեցրեց կվերցնի մանդատը, թե՝ ոչ։
«Հայաստան» դաշինքը պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։