Մատչելիության հղումներ

Փաշինյանը փորձում է կուսակցական դիկտատուրա հաստատել. քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան

Արտահերթ ընտրություններում մեծամասնության քվեն ստացած Փաշինյանը փորձում է երկրում կուսակցական դիկտատուրա հաստատել, կուսակցապետություն կառուցելու առաջին քայլը կառավարությունում նրա երեկվա ելույթն էր, ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ հավելելով. - «Կուսակցական դիկտատուրա հաստատելու փորձ է, պարզապես Հայաստանը էդպիսի ռեսուրս չունի»։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն նրանք, ովքեր հավատում են «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրին, այդ ծրագրին է քաղաքացին վստահության մանդատ տվել։ Սա է Փաշինյանի կառավարությունում աշխատելու նախապայմանը. - «Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ։ Հետևաբար նրանք, ովքեր չեն հավատում չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք նույնպես դրան նորմալ ենք վերաբերվում, և հետևաբար նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ»։

Փաշինյանն իր կուսակցական ծրագրի նկատմամբ հավատարմության երդում է պահանջում և չի խոսում կառավարման համակարգը պրոֆեսիոնալ, կարող ու պատասխանատու կադրերով համալրելու մասին, տարակուսում է Արմեն Բաղդասարյանը. - «Այն, ինչ ասաց Նիկոլ Փածինյանը, դա պետական կառավարման համակարգը քանդելու ամենակարճ ճանապարհն է։ Թվում է, թե հիմա պիտի ասի պիտի պրոֆեսիոնալներ ներգրավենք, հակառակը, ասում է, որ իր համար կարևորը քաղաքական հավատարմությունն է»։

Մինչդեռ, ըստ Բաղդասարյանի, պատերազմից հետո աղետալի վիճակում գտնվող պետության ղեկին կրկին հայտնված Փաշինյանի բուն ասելիքը պետք է միայն կարող կադրերի անհրաժեշտության մասին լիներ։ Առավել ևս, որ նրա իշխանության առաջին փուլը իր իսկ հռչակած ծրագրի ճիշտ հակառակ պատկերն էր. - «Օբյեկտիվորեն էս իրավիճակում որևէ երկրի ղեկավարի առաջին քայլը պիտի լիներ հավաքել պրոֆեսիոնալներին, կամ տեխըոկրատների կառավարություն ստեղծել։ Քաղաքական, կուսակցության պայքարը դնել մի կողմ, թևերը քշտել և փորձել երկիրը դուրս բերել այս վիճակից»։ Ըստ նրա, Փաշինյանի հայտարարությունը ընդունելի կլիներ, եթե այն վերաբերեր միայն քաղաքական պաշտոններին, բայց կառավարման համակարգում հազարավորներն են աշխատում և, օրինակ կումունալ ու անտառային տնտեսության կառավարիչների աշխատելու պայմանը չպետք է լինի Փաշինյանի կուսակցության քաղաքական ծրագրին հավատարմության երդում տալը. - «Որևէ մեկը ինձ չի կարող բացատրել, թե ինչու պիտի, ենթադրենք, քաղաքային կոմունալ ծառայությունների ղեկավարները, կամ ջրային տնտեսության ղեկավարները, կամ անտառը ղեկավարողները անպայման լինեն քաղաքական թիմի անդամ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը կիսողներ»։

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը չի հասկանում իրենց քննադատներին։ Կառավարության ծրագիրը բոլորի համար պետք է կատարման ենթակա լինի, հակառակ դեպքում դա, պատգամավորի համոզմամբ, սաբոտաժ է. - «Հակառակ դեպքում դա կոչվում է սաբոտաժ ժողովրդի թիկունքում։ Դա պրոֆեսիոնալիզմ չի, դա ժողովրդի հանդեպ դավաճանություն ա»։

Որպեսզի չկրկնվեն նախորդ երեք տարվա խնդիրներն ու լուծվեն դրանց ծանր հետևանքները, կադրային քաղաքականության հարցում չպե՞տք է առաջնահերթ կարևորեն մասնագիտական որակները։ «Ազատության» այս հարցից Փաշինյանի թիմակիցը վրդովվեց՝ ասելով, թե պատերազմը նախկինների խնդիրն է, ոչ թե Փաշինյանի. - «Պատերազմի մեղավորն էն մարդն ա, որ տաս տարի երկիր ա կառավարել ու 127 միլիոն դոլարի զենք ա առել, ոչ թե էն մարդը, ով որ էրկու տարի կառավարել ա ու 250 միլիոն դոլարի զենք ա առել։ Բոլոր էն մարդիկ, որոնք ժողովրդի պատգամը, ժողովրդի կողմից ընտրված իշխանության ծրագիրը կիրագործեն, էդ մարդիկ կաշխատեն։ Բոլոր էն մարդիկ, որոնք սաբոտաժի կենթարկեն պետական կառավարման համակարգը և չեն աշխատի, կամ կիրականացնեն այլ ուժերի ծրագրեր, նրանք չպիտի աշխատեն»։

Նիկոլ Փաշինյանը երեկվա նույն ելույթում խոստովանեց, որ իր կառավարության որակին ու արդյունավետությանն ուղղված քննադատությունները լեգիտիմ են, հիշեցնում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Եթե ընդունում է, որ հիմնավոր են ու հետևութուն չի անում դրանից, ուրեմն, ըստ քաղաքական մեկնաբանի, Փաշինյանը բացառապես մի նպատակ ունի. - «Սա վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե պետական համակարգի որակը, այլ իր անձնական իշխանությունը։ Որ էդ իշխանությունը ամուր լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG