Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գլխավոր դատախազությունից ստացել է միջնորդություններ 4 թեկնածուների վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով, տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։
Լիլիա Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու թեկնածուների դեպքում հանձնաժողովը տվել է համաձայնություն։ Ըստ ԿԸՀ-ի՝ խոսքը «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Արամայիս Ապրոյանի մասին է։
Երկուսի վերաբերյալ միջնորդությունները, ըստ Հակոբյանի, չեն քննարկել, օրենքը եռօրյա ժամկետ է սահմանում։
ԿԸՀ-ն չքննարկված միջնորդությունները դատախազությունից երեկ է ստացել։ Պատճառաբանելով Ընտրական օրենսգրքի արգելքը, որ քվեարկության օրը ևս քարոզչությունն արգելում է՝ Հակոբյանը հրաժարվեց նշել, թե որ թեկնածուների վերաբերյալ է դատախազությունը միջնորդություն ներկայացրել։
Նշենք, որ երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Ըստ ՀՔԾ-ի`«Հայաստան» դաշինքի թեկնածու Չարչյան իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այսօր Դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ թեկնածուների վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով 5 միջնորդություն են ներկայացրել ԿԸՀ։