Մատչելիության հղումներ

Վարդենիսում մանգաղ նվիրեցին Քոչարյանին, որ «քաղաքական մոլախոտը հնձի»


«Ես մուրճին ի հակառակ բերել եմ մի մանգաղ, որը ուզում եմ նվիրել Ձեզ», - վարդենիսցի Լենդրուշ Ղարիբյանը Փաշինյանի մուրճին մանգաղով է պատասխանում։ Փաշինյանի գլխավոր մրցակից Քոչարյանին մանգաղ նվիրեց, որ հնձի քաղաքական մոլախոտը. «Եվ այս մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք»:

«Լավ, շնորհակալություն, ես սկզբից որ տեսա, վախեցա, ասի` կարող է «кастрация»-ի գործիք է», - արձագանքեց Քոչարյանը:

«Բայց մի հատ նորմալ գերանդի պետք է տայիր, սրանով էտքան մոլախոտ ո՞նց հնձենք», - նշեց ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը:

Լենդրուշ Ղարիբյանի նվերն այլ խորհրդանիշ էլ ուներ. «Այս մանգաղը նվիրում եմ Ձեզ, հարգարժա՛ն նախագահ, որպեսզի վերականգնեք Գյուղնախարարությունը»:

Նա սահմանային Կութ գյուղում գյուղատնտեսությամբ է զբաղվում, բայց 37 օր դա անհնար է դարձել. ադրբեջանական զորքն անարգել հատել է Հայաստանի սահմանը, զավթել գյուղի արոտավայրերը և չի հեռանում. «Բնակվում եմ Կութ գյուղում, որն այսօր սահմանամերձ է, թուրքերը` մեր կողքին, ընդամենը երկու կիլոմետր են հեռու, ու չգիտենք, թե ինչ է լինելու»:

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր Գեղարքունիքի մարզում էր։ Վարդենիսից հետո քարոզարշավը շարունակվեց Մարտունու մշակույթի տանը։ Մարտունեցիները Հայաստանը տասը տարի ղեկավարած Քոչարյանին հարցեր ուղղեցին՝ համայնքային խնդիրներից մինչև անվտանգություն ու Արցախի կարգավորում։

Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջ աշխարհում արտաքին հետախուզությամբ է զբաղվում, Հայաստանում՝ քաղաքական հակառակորդներին հետապնդելով, այլախոհներին գաղտնալսելով, մտահոգված էր հանդիպման եկած Հակոբ Հակոբյանը։ Քոչարյանին հարցրեց՝ նրա գլխավորած ուժի ծրագրում ԱԱԾ-ն բուն գործո՞վ է զբաղվելու. «Փոխանակ մեր Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է ընդդիմադիրներին հետապնդելով, գաղտնալսելով նույնիսկ մեր անձնական տվյալները: Արդյոք նախատեսվո՞ւմ է Ազգային անվտանգության ծառայության գործառույթների հստակեցմանն ուղղված քայլեր»:

«Փոխելու ենք, և պատժվելու են այն մարդիկ, որոնք ավելորդ ջանասիրություն էին ցուցադրում այս ամենի մեջ: Այսօր անվտանգության ծառայությունը ևս, սպայական կազմն իրոք նորմալ կազմ է այնտեղ, իրենք իրենց ֆունկցիայով չեն զբաղվում: 5 ծառայության պետ է փոխվել 3 տարում, 3 ոստիկանապետ է փոխվել 3 տարում: Սա նորմալ երևույթ չի, սա մի բանի մասին է խոսում, որ պետերին բան են հանձնարարում` մեկ, երկու, երեք, հինգ, տասը, և վերջը արդեն ասում է` չեմ կարա անեմ էլի, արդեն ստեղս հասավ, մարդը դուրս է գալիս, գնում է: Մենք այդ նախկին պետերի հետ հիմա շփում ունենք», - պատասխանեց դաշինքի վարչապետի թեկնածուն:

Քոչարյանը քննադատեց, թե աննախադեպ է, որ երկրի ղեկավարի անվտանգությունը այդպիսի մեծաքանակ զորքով ապահովեն, այն էլ, երբ այդ ղեկավարն իշխանության է եկել որպես ժողովրդի վարչապետ։ Հեծանիվ քշելով սկսել ու պաշտոնավարման երրորդ տարում շրջում է դիպուկահարներով. «Հասանք նրան, որ 2000 հոգով սնայպեռներով տանիքներում, կառավարության մի շենքից մյուս շենք տեղափոխվող իշխանավոր ունենք»:

Մարտունեցիներից Դերենիկ Զաքարյանին դուր չեկավ իր համերակրացի Հակոբյանի դժգոհությունը, թե իրավապահ կառույցներն ահաբեկում են այլախոհներին։ Մարտունեցիներին ոչ մեկը չի կարող ահաբեկել, Քոչարյանը չառարկեց. «Ոչ մեկը չի կարող մարդուն ահաբեկել, եթե նրա մտածելակերպն այլ ուղղությամբ է գնում, առավել ևս մարտունեցիներին»:

«Ձեր մոտ սկի ուրիշ տեսակ հայը չի դիմանում», - ասաց երկրորդ նախագահը:

Մարտունեցի Զաքարյանը հարց էլ ուներ` ե՞րբ է Արցախը դուրս մնացել կարգավորման բանակցություններից։ Շեշտեց, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին է մեղադրում այս հարցում։ Քոչարյանն էլ, թե այդ գործընթացը սկսվել է Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը սկսել է բանակցությունները Հեյդար Ալիևի խորհրդական Գուլիզադեի հետ. «Այդ բանակցությունները վերջը ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ որոշում ստացանք OSCE-ի, որը Հայաստանը չստորագրեց, վետո դրեց, բայց իրականում Ժիրայր Լիպարիտյանն ինքն ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են այդ առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա արդյունքում Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից:

Ես դարձել եմ նախագահ Հայաստանում 98 թիվ` ապրիլի 9, Լիսաբոնը եղել է 96 թիվ` դեկտեմբեր, և ինձ հետ կապել Ղարաբաղին բանակցություներից դուրս թողնելն առնվազն անբարեխիղճ, այսպես ասենք: Դե ինքը ասում է, ինքը փորձում է ինձ հետ կապել, բայց իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից»:

Քոչարյանի քարոզարշավին մասնակցում էր նաև Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Ինչո՞ւ է նա ընտրել Քոչարյանին և ոչ թե հարազատ կուսակցությանը, որը պայքարում է «Պատիվ ունեմ» դաշինքով։

«Ընտրությունը կուսակցական չի, սա հայրենիքի պայքար է, սա պետությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր է»,, - ասաց նա:

Հարցին, թե գուցե Քոչարյանի կողքին է, որովհետև կարծում է, որ նա ունի հաղթելու շանսեր, Հակոբյանն արձագանքեց. «Սա ամուսնություն չի, և Ձեր հարցերին ես արդեն պատասխանեցի»:

Մարտունիում հանդիպումն ավարտվեց նախընտրական ավանդական սելֆիներով։

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը շարունակվեց Գավառ, Սեևան համայնքներում, իսկ նախընտրական պայքարը վաղը կամփոփեն Հանրապետության հրապարակում հանրահավաքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG