Մատչելիության հղումներ

Մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հանրահավաք է անցկացնում մայրաքաղաքի Ազատության հրապարակում։

Իր ելույթում կուսակցության առաջնորդ, վարչապետ թեկնածու Գագիկ Ծառուկյանը նախ անդրադարձավ անվտանգության հարցին։ Նա հիշատակեց հուլիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ստորագրած հայտարարությունը՝ ասելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմին Հայաստանը կկարողանա դիմակայել միայն Ռուսաստանի օգնությամբ․ - «Թուրքիան աջակցելու ա Ադրբեջանին, Ադրբեջանի կողքն ա լինելու ցանկացած պատերազմի դեպքում։ Դրա համար մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է։ Վերականգնենք մեր կապերը․․․»

Այնուհետև Ծառուկյանն անդրադարձավ սոցիալ-տնտեսական հարցերին։ Նա կրկնեց իր կողմից բազմիցս հնչեցված վարկերի մարման առաջարկը, հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը ի վիճակի կլինի փակել 100 հազարից մինչև 3 միլիոն դրամ վարկ վերցրած մարդկանց վարկերը․ - «Մարզերում խոսում էինք, ժողովուրդն ասում ա՝ հենց զանգը գալիս ա, վարկի անունը լսում ենք, ոտներս թուլանում ա, գիտենք, որ փողոց են հանելու։ Ժողովուրդ ջան, երկու տարի ա, որը ես հաշվարկել եմ անձամբ, Մելքումյանն էլ ա մասնակից էղել, իմ թիմակիցներն էլ, այսօր մենք ունենք 2 միլիոն 187 հազար վարկառու, պարտքի տակ են, տույժ-տուգանքի տակ են։ Երկու տարվա ընթացքում կուտակվել ա տուգանքները, պարտքերը։ Այսօր քայլ պետք է կատարել, էդ մարդկանց հնարավորություն տանք, ներում շնորհենք, իրենց ունեցվածքը հետ վերադարձնեն»։

Ծառուկյանը խոսեց նաև սոցիալական վիճակից, ասաց, որ գները, հատկապես սննդամթերքի գները բարձրացել են, դրամն է արժեզրկվել 10 տոկոսով, բայց իշխանությունները, օրինակ, ինդեքսացիայի չեն ենթարկել մարդկանց կենսաթոշակները, աշխատավարձերը, և մարդիկ գնալով ավելի վատ են ապրում։ Նա առաջարկեց ինդեքսացիայի ենթարկել թոշակներն ու աշխատավարձերը, որպեսզի մարդիկ կարողանան գնել գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները։

XS
SM
MD
LG