Մատչելիության հղումներ

Անկախ նպատակից՝ քարոզարշավի ընթացքում դրամական պարգև խոստանալու գայթակղությունից պետք է զերծ մնալ, ընդգծում է իրավապաշտպանը


Իրավապաշտպան, «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը, արխիվ
Իրավապաշտպան, «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը, արխիվ

Անկախ նպատակից՝ քարոզարշավի ընթացքում դրամական պարգև խոստանալու գայթակղությունից պետք է զերծ մնալ, արձագանքելով վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, կարծիք հայտնեց իրավապաշտպան, «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը:

Երեկ Ջերմուկում Փաշինյանը խոստացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի դիմաց քաղաքացիներին 500 հազար դրամ կվճարի:

«Կուսակցությունը պետք է զերծ մնա նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դրամական որևիցե պարգև հատկացնելու կամ տրամադրելու, խոստումներ տալու մասին, անկախ նրանից, թե դա ինչ նպատակով է արվում, առավել կարևոր են նախընտրական քարոզչությունը, ընտրությունները ազատ և արդար անցկացնելու համար», - նշեց Սաքունցը:

Վարչապետի պաշտոնակատարի հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են Գլխավոր դատախազությունում, պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են, «Ազատությանն» ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Փաշինյանի հայտարարությունը քաղաքացիները երեկ մեծ ոգևորությամբ ընդունեցին: «1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր կամ ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով, և երկրորդը՝ պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմիններ և այլ, կնկարահանեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը: Այդ դեպքերում 500 հազար դրամ պարգև՝ յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար», - հայտարարել է Փաշինյանը:

Իրավապաշտպան Սաքունցը նաև այլ հարց է բարձրացնում՝ նշանակո՞ւմ է սա արդյոք, որ իշխանությունները վստահություն չունեն իրավապահ մարմինների նկատմամբ. «Պե՞տք է ենթադրել, որ Փաշինյանը կամ իշխանությունը վերապահումներ ունի իրավապահ մարմինների կարողությունների վրա, որ կարող են, ասենք, ընտրակաշառքի դեպքերը բացահայտել: Այստեղ ակամա ընդունում են մի բան, որ իրապես պետք է այդ մարմինները անպայման համապատասխան կարողություններով օժտված լինեն, որը, ցավոք սրտի, ռեսուրսների առումով, գիտելիքների առումով, կարողությունների առումով, փաստորեն, չեն կարող»:

Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցը նկատում է՝ կաշառքը ամենադժվար բացահայտելի գործերից է:

Նախընտրական այս շրջանում ընտրախախտումների վերաբերյալ դատախազությունը 140 հաղորդում և ահազանգ է ստացել, 6 դեպքով քրեական գործեր են հարուցվել, մեծ մասը ընտրակաշառք տալ, ստանալու կամ միջնորդելու վերաբերյալ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG