Մատչելիության հղումներ

«Վայը եկել տարել է մեզ, եթե Քոչարյանին պիտի վերապահվի մեր անվտանգությունը». Բաբաջանյան


«Ռոբերտ Քոչարյանի օրոք են դրվել այն սերմերը, որոնք անխուսափելիորեն պիտի բերեին, հասցնեին պատերազմում այս ելքին և այս հանգրվանին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը:

«Ինձ համար զարմանալի է, բայց շատ կարևոր իրողություն՝ չեղավ մի մարզ, չեղավ գյուղական մի բնակավայր, որտեղ մարդիկ խոսեին իրենց հանապազօրյա խնդիրներից, աղքատության հետ կապված կամ ջրի, հացի, բոլորին հետաքրքրում է մի բան՝ խաղաղություն, անվտանգություն, սահմանների շուրջ ստեղծված իրավիճակ», - ընդգծեց Բաբաջանյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքի ընտրողներն ասում են, որ իրենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընտրում են նրա համար, որ հույս ունեն, թե Քոչարյանը կապահովի այդ անվտանգությունը, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Վայը եկել տարել է մեզ, եթե Ռոբերտ Քոչարյանին պիտի վերապահվի մեր անվտանգությանն առհասարակ այն իմաստով, որ այն բանակցված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը անվերապահ իր համաձայնությունն է տվել բոլոր տարբերակներին, 98 թվականից ստանձնելով նախագահի պաշտոնը, ընդհանուր պետություն, դրանից հետո Մեղրիի փոխանակման տարբերակը և դրան հաջորդած բոլոր գործընթացները, որոնք ավարտվեցին 2007 թվականին Մադրիդում Մադրիդյան փաստաթղթի ստորագրմամբ մի բանի մասին է, որ այդ տարիներից հասունանում էր այս պատերազմը»:

Բաբաջանյանի համոզմամբ՝ ընտրությունների առաջին փուլում Փաշինյանին հաջողվելու է ձևավորել իր կառավարությունը

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքին՝ Բաբաջանյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունների առաջին փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է ձևավորել իր կառավարությունը:

«Ազատության» հարցին՝ հանդես գալով ակնհայտ իշխանամետ հռետորաբանությամբ ինչո՞ւ որոշեց առանձին կուսակցությամբ մասնակցել ընտրություններին, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ մնալ այն ամուր կարծիքին, որ հեղափոխության ժամանակ հռչակված նպատակները Հայաստանի իրապես շանսն են, և ես կարծում եմ, որ դրանք շարունակում են կենսունակ մնալ: Այս իշխանությունը միայնակ ի զորու չեղավ, օրինակ, կարգի բերել, առողջացնել, արդիականացնել»

Ըստ Բաբաջանյանի, պատճառն այն է, որ խորհրդարանում չեղավ այն ընդդիմությունը, որը «փեշերից քաշելու փոխարեն, շլակ–բաումի դեր կատարելու փոխերն, կգնար համագործակցության և ամեն ինչ կաներ, որպեսզի նաև ինքը բարեփոխումների օրակարգ ձևավորեր»:

«Մենք անընդհատ դիմում ենք ժողովրդին, որ դուք եք որոշելու, թե մենք ինչ դիրքավորում կունենանք խորհրդարանում: Մենք պատրաստ ենք լինել ամենալավ ընդդիմությունը, եթե մեզ կվստահվի այդ մանդատը, պատրաստ ենք լինել ամենալավ իշխանությունը, եթե մեզ կվստահի ժողովուրդը լինել այդպիսին», - ասաց Բաբաջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG