Մատչելիության հղումներ

«Մոսկվան ո՛չ Քոչարյանին է շտապում աջակցել, ո՛չ` Փաշինյանին». արտասահմանյան մամուլը` ընտրությունների մասին


Փաշինյանը քրեական գործերով է սպառնում «Գազպրոմին», գրել է ռուսական «Գազետան»` մեջբերելով իշխող ուժի առաջնորդի երեկվա ելույթը Վայոց Ձորում:

«Չեմ հասկանում` «Գազպրոմ Արմենիան» կարող է աշխատել Հայաստանի կառավարության ու ժողովրդի դե՞մ»,- հայտարարել էր Փաշինյանը նախընտրական հանդիպման ժամանակ: Թեմային անդրադարձել է նաև ռուսական ամենահայտնի բիզնես պարբերականը` «Վեդոմոստին»` հրապարակելով «Գազպրոմի» արձագանքը: «Ընկերությունը ապաքաղաքական է և որևէ կերպ նախընտրական գործընթացներին չի մասնակցում», - պնդել է գազի մատակարարման ոլորտի մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիան»:

«Եթե 2018-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվում էին ժողովրդավարության ամրապնդման խոստումներով, ապա այս ընտրություններում առաջնային հարցերն են ազգային անվտանգությունը և Հայաստանի ապագա հարաբերությունները Ադրբեջանի հետ, մասնավորապես, սահմանների դեմարկացիայի շուրջ բանակցությունները», - նշում է «Ալ Ջազիրայի» վերլուծաբանը:

«Շատերի մտքում այժմ հիմնական հարցն այն է, թե ինչ դեր է խաղալու Ռուսաստանը այս ընտրություններում», - փաստում է նա, հավելելով. «Բոլոր ցուցիչները վկայում են, որ Մոսկվան ո՛չ Ռ. Քոչարյանին է շտապում աջակցել, ո՛չ` Ն. Փաշինյանին: Ոտքը պնդացնելով Ղարաբաղում` ի դեմս խաղաղապահների, Ռուսաստանը ոչ միայն այդ ռեգիոնի անվտանգության դե ֆակտո երաշխավորն է, այլև հենց Հայաստանի: Բացի այդ, Ռուսաստանի ունեցած ազդեցությունը Փաշինյանի վրա, ինչպես նաև սերտ հարաբերությունները Քոչարյանի հետ ակնհայտ են դարձնում, որ ինչ ելքով էլ ընտրությունն ավարտվի, այն չի կարող որևէ կերպ ազդել Հայաստանում Կրեմլի ռազմավարական շահերի վրա»:

«Զարգացման այս փուլում Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական ասպարեզում զգացմունքները փոխարինել ռազմավարական հաշվարկներով», - գրում է ռուսական «Լենտայի» թղթակիցը, մանրամասնելով. «Շատ հնարավոր է, որ հենց այս արտահերթ ընտրությունները դառնան պատմության նոր փուլի սկիզբը: Ապագայում Հայաստանը կարող է հաղթահարել պատերազմում տարած պարտությունը, բայց միայն տնտեսական աճի և միջազգային ոլորտում դաշնակցային հարաբերություններ հաստատելու միջոցով: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է ավելի քիչ հավատալ բարձրագոչ քաղաքական կարգախոսներին, ավելի քիչ խաղալ զգացմունքների հետ և սեփական ուժերը գնահատել առանց ավելորդ ինքնավստահության, որն ամենաշատն է խանգարում բարգավաճմանը»:

Փաստելով, որ փոփոխությունները հնարավոր են միայն ընտրությունների ճանապարհով, լրագրողն արձանագրում է. «Մյուս տարբերակները, այդ թվում` իշխանության փոփոխությունը փողոցային պայքարի միջոցով, կարող են միայն խորացնել քաղաքական ճգնաժամն ու երկիրը հասցնել անդունդի եզրին»:

Վերլուծաբանն ընդգծում է. «Նորագույն պատմության ամենաբարդ փուլերից մեկում անցկացվող այս ընտրությունների գինն իրականում Հայաստանի պետականության պահպանումն է»:

XS
SM
MD
LG