Մատչելիության հղումներ

Արմավիրի նախկին քաղաքապետը և Ջանֆիդայի բնակիչը մեղադրվում են 147 ընտրողի ընտրակաշառք բաժանելու փորձի մեջ


Արմավիրի նախկին քաղաքապետի Ռուբեն Խլղաթյանին և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ին մեղադրանք է առաջադրվել 147 ընտրողի 9 մլն դրամ ընտրակաշառք տալու փորձի համար, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

Ծառայությունը գործից որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ պայմանավորվածության համաձայն, Խլղաթյանը հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9 միլիոն դրամը նրան փոխանցելու և Գ. Պ.-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն վերջիններս գումարի փոխանցման պահին բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պ.-ի տան բակից:

Հունիսի 12-ին Խլղաթյանին ն և Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի [Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձ] 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, գործով նախաքննությունը շարունակվում է:

Ըստ ՀՔԾ-ի՝ այսպիսով՝ ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG