Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռուբեն Խլղաթյանի և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են։ Այս մասին հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդել էր, որ հունիսի 10-ին Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձանց բռնել էր 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։
Երեկ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություններ էր ներկայացրել ՀՀԿ-ի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ձևավորած դաշինքի ընտրացուցակի 16-րդ համարը զբաղեցնող Խլղաթյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու նպատակով, որոնք ԿԸՀ-ն բավարարել էր։
Նրանք մեղադրանքներ են առաջադրվել՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի երկու կամ ավելի անձանց շրջանում ընտրակաշառք բաժանելու նպատակով 9մլն դրամ փոխանցելու համար։