Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու համար, [Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր]:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ս. Զ.-ն, հանդիսանալով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար, նույն գրասենյակի ղեկավարի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` հունիսի 20-ին նշանակված ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Հատուկ քննչական ծառայությունը նշում է, որ ևս 7 անձի մեղադրանք է առաջադրվել սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար [Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մաս] : Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծառայության փոխանցմամբ, բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու և ստանալու այլ դեպքեր: Մասնավորապես` կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կուսակցության ներկայացուցիչների կողմից նախապես կազմված այն ընտրողների ցուցակները, որոնց հունիսի 9-ին սննդամթերքի տեսքով ընտրակաշառք է բաժանվել:
«Ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ հարցաքննվել են հիշյալ հանգամանքների շուրջ և հաստատել կուսակցության օգտին քվեարկելու համար 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերք ստանալու հանգամանքը», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Այսպիսով, ինչպես ծառայությունն է նշում, վերը նշված քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է։