Մատչելիության հղումներ

«Արգելվում է ռազմագերիներին առևտրի առարկա դարձնել», շեշտում են միջազգային իրավունքի մասնագետները


Մեհրիբան Ալիևան, Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմինե Էրդողանը Շուշիում, 15 հունիսի, 2021թ.
Մեհրիբան Ալիևան, Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմինե Էրդողանը Շուշիում, 15 հունիսի, 2021թ.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քննադատում է ադրբեջանական իշխանություններին՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը սակարկությունների առարկա դարձնելու համար։

«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, նրանք իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք», - գրում է Արման Թաթոյանը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածելով Շուշիում նախօրեին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ու նրանց տիկնանց զրույցի տեսանյութը։

Այդ տեսանյութում Ադրբեջանի նախագահ Ալիևը խոսում է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզների կարևորության մասին, ինչից հետո Թուրքիայի նախագահի տիկին Էմինե Էրդողանը հարցնում է Իլհամ Ալիևին, թե ունե՞ն իրենց տարածքում էլի գերիներ, դրական պատասխանից հետո էլ խորհուրդ է տալիս մաս-մաս հանձնել նրանց։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս տեսանյութից եզրակացրել է` հայկական կողմի գերիներն ապօրինաբար են պահվում Ադրբեջանում` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

Վերջին անգամ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջնորդությամբ Հայաստան վերադարձրեց 15 ռազմագերիների, երբ հայկական կողմը Բաքվին հանձնեց Աղդամի ականապատման քարտեզը։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ քարտեզները գերիների փոխանակության համար չեն տվել, այլ Բաքվի կառուցողական քայլի դիմաց Երևանն էլ է կառուցողական քայլ արել։ Նաև նշել էր, որ դրանից առաջ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ էր քարտեզներ ուղարկել Բաքու։

«Բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ», - ասել էր նա:

Ու մինչ պաշտոնական Երևանը պահանջում է առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալված խաղաղ բնակիչներին, երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվեց հայ ռազմագերիների դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ 14 տղամարդիկ մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Ադրբեջանը շարունակում է պնդել՝ իր տարածքում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը հանցագործներ են։ Միջազգային իրավունքի մասնագետները, սակայն, հայտարարում են՝ քրեական գործեր հարուցելով` Բաքուն պարզապես փորձում է քաղաքական պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Ավելին, վերջին օրերի Բաքվի վարքագիծը, ինչպես նաև Շուշիում արված հայտնի տեսանյութը վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն խախտում է իր իսկ վավերացրած Պատանդառության արգելքի մասին կոնվենցիան, «Ազատության» հետ զրույցում ընդգծում է միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։

«Ձայնագրությունը տեսել եք, այսինքն` մենք գործ ունենք պետության ղեկավարի հետ, որն ակնհայտ ռազմական հանցագործ և կատարում է խախտում նաև կոնկրետ կոնվենցիայի. ոչ միայն փաստական հանգամանքն է ակնբախ, կա նաև ընդունում սեփական բառերով, որ իրականում իրականացվում է, այո, ազատազրկված անձինք օգտագործվում են, որպեսզի ճնշում գործադրվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ որոշակի զիջումներ ձեռք բերելու համար: Ես կարող եմ ենթադրել, որ ականների վերաբերյալ քարտեզը միակ ակնկալվող զիջումները չեն», - նշեց Գևորգյանը:

44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարտավոր էր վերադարձնել իր տարածքում գտնվող բոլոր գերիներին, ինչն արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Մինչդեռ Բաքուն շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, ասում է միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը. «Գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը պարտավոր է կազմել անհապաղ և կատարել հայրենադարձման պլան: Սա բխում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի Ժնևի կոնվենցիայից, մասնավորապես կոնվենցիայի 118-րդ հոդվածի պահանջից` անկախ պետությունների միջև փոխհամաձայնությունից այդ հարցի շուրջ»:

Չոբանյանը ևս վկայակոչում է միջազգային փաստաթղթերը և ընդգծում՝ արգելվում է ռազմագերիներին առևտրի առարկա դարձնել. «Ադրբեջանի կողմից շարունակական միջազգային իրավունքի խախտումները, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում, ռազմագերիների գործոնը որպես այլ խնդիրների լուծման օգտագործման լծակ, սա միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտում է Ադրբեջանի կողմից»:

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն, իր հերթին, շեշտում է՝ հայկական կողմը պետք է քրեական գործ հարուցի պատանդառության հոդվածով, միևնույն ժամանակ նշված կոնվենցիան խախտելու համար հարցը հասցնի ՄԱԿ-ի միջազգային դատարան, նաև օգտագործի Ինտերպոլի լծակները նրանց դեմ, ովքեր պատասխանատու են պատանդների համար. «Կարելի է ենթադրել, օրինակ, որ նույն հաջողությամբ այս ճնշումները գործադրվում են թե՛ միջանցքի համատեքստում, թե՛ դելիմիտացիայի, դեմարկացիայի համատեքստում և այլն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG