Մատչելիության հղումներ

Հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին տալ բոլոր ականապատ դաշտերի քարտեզները, բայց ոչ միակողմանի


Հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին տալ բոլոր ականապատ դաշտերի քարտեզները, խոսելով գերիների վերադարձի մասին` այսօր նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին վստահեցրեց, թե քարտեզների մի փոքր մասն է հանձնվել Ադրբեջանին։ «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր Կոտայքի մարզում էր։

«Մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք այդ քարտեզներից: Երբ որ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել, բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր հանրությունը չի հասկանա, եթե մենք այնտեղ գերիներ ունենալու պայմաններում ուղղակի միակողմանի վերադարձնենք», - ասաց նա:

Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ անցած օրը Հայաստան վերադարձվեց 15 գերի։ Ըստ Փաշինյանի` գերիների վերադարձի նոր գործընթաց է սկսվել։

Փաշինյանն ադրբեջանական կողմի քայլը կառուցողական է գնահատում. «Կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ որ իրենք մոլորված զինվորին վերադարձրին: Իմիջիայլոց, այդ ժամանակ արդեն բանակցություններն այս թեմայի վերաբերյալ մեկնարկել էին, և մենք պետք է նաև գնահատենք դրական տեղաշարժերը, պետք է գնահատենք իրադրությունը լիցքաթափող գործողությունները, և ես շնորհակալ եմ ձեզ, ձեզ և մյուսներին, որ աջակցում են մեր գերիների վերադարձը և մեզ պատրաստ են լիազորել, որ մենք մյուսներին նույնպես վերադարձնենք»:

Իսկ քարտեզներն, ասում է, գերիների փոխանակման համար չեն տվել, այլ քայլին քայլով են պատասխանել. «Մենք իրենց թիկունքում գտնվող քարտեզները տվել ենք, բայց էլի ոչ թե փոխանակության համար: Երբ որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալն ասաց` դուք պատրա՞ստ եք քայլ անել, եթե իրենք քայլ անեն, ես ասացի` այո, պատրաստ ենք քայլ անել: Ի՞նչ քայլ եք պատրաստ անել, ես ասացի, որ մենք մեր ունեցած քարտեզների մի մասը կտանք»:

Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ հայկական կողմը գերիների դիմաց Աղդամում տեղակայված 97 հազար ականների քարտեզներն է տվել: Սա ընդդիմադիր դաշտում քննադատության առիթ է դարձել։ Վարչապետի պաշտոնակատարն ընդդիմությունից հնչող մեղադրանքները շահարկում է համարում, օրինակ բերում Իսրայելի իշխանության քայլը. «2011 թվականին մի զինվորի դիմաց ազատում են 1027 պաղեստինցու, որոնց մի մասին դատապարտել են ահաբեկչության համար, իսկ մյուս 600-ին` գործողությունների համար, որոնց արդյունքում մարդ է զոհվել: Հիմա մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի, խոսեց դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունից։ Ձեռքին մուրճ էր, Եղվարդում էին նվիրել՝ որպես պողպատե մանդատի խորհրդանիշ. «Սրանով կարելի է հանել նրանց, ում պետք է հանել, կարելի է մեխել այնտեղ, որտեղ պետք է մեխել, կարելի է կառուցել այնտեղ, որտեղ պետք է կառուցել, և կարելի է ջարդել այնտեղ, որտեղ պետք է ջարդել: Այնպես որ, սա շատ կարևոր սիմվոլ է, բայց առաջին հերթին սա կառուցման սիմվոլ է, որովհետև մեր խնդիրն է Հայաստանը կառուցել նորովի, Հայաստանը պետք է վերածնունդ ապրի: Շատ դաժան, դժվար ժամանակներ ենք ապրում, բայց մենք ահա այս պողպատե մանդատով նախ և առաջ երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա, այս պողպատե մանդատով մենք պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները, մենք պետք է ունենանք այնպիսի դատարաններ, որ այդ թեման ընդհանրապես մոռանանք», - շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընտրողներին վստահեցրեց, թե իրենք ամեն հնարավորը անելու են, որպեսզի ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացեն։

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր հանդիպումներ ունեցավ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում՝ Եղվարդ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Հրազդան: Չնախատեսված կանգառ հիմնականում ասորաբնակ Արզնիում ու հետո էլ Ֆանտան համայնքում եղավ:


Օրվա վերջում իշխող ուժը նախընտրական քարոզչությունը եզրափակեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ քայլերթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG