Մատչելիության հղումներ

Պուտինին ասելու եմ՝ Միացյալ Նահանգները վերադառնում է․ Ջո Բայդեն


«Հետո ես հանդիպելու եմ պարոն Պուտինի հետ և ասելու եմ նրան այն, ինչ ուզում եմ ասել՝ Միացյալ Նահանգները վերադառնում է», - այս գիշեր Եվրոպա ժամանելուն պես դիմելով ամերիկացի զինծառայողներին՝ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։

Իր առաջին արտերկրյա այցի շրջանակներում ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպում է ունենալու վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, մասնակցելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Եվրոպական շրջագայության օրակարգում են նաև Բայդենի հանդիպումները Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ։

Եվրոպա ժամանելուն պես Միացյալ Նահանգների նախագահը խոսել է Ռուսաստանի նախագահի հետ հունիսի 16-ին կայանալիք բանակցություններից։ Բայդենի խոսքով, Վաշինգտոնը, հասկանալով երկու միջուկային գերտերությունների պատասխանատվությունն անվտանգության ոլորտում, ուզում է Մոսկվայի հետ ունենալ կանխատեսելի հարաբերություններ և չի ուզում հակամարտության մեջ մտնել։

Սրա հետ մեկտեղ, նա ասել է․ - «Հստակ է, որ Ռուսաստանի կառավարութան վնասակար գործողությունների դեպքում այն բախվելու է Միացյալ Նահանգների վճռական և խելամիտ հակազդեցությանը»։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի ունենալու Ժնևում, Լա Գրանժ վիլլայում։ Այս տեղեկությունը հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարությունը, այն հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դա կլինի Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի առաջին հանդիպումը Բայենի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ավելի վաղ նրանք հանդիպել էին 2011-ին, երբ Պուտինը Ռուսաստանի փոխվարչապետն էր, իսկ Բայդենը՝ ԱՄՆ փոխնախագահը։

Այս տարվա մարտին Բայդենը դրական էր պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք մարդասպան է համարում Պուտինին։

ԱՄՆ նախորդ նախագահ Դրամփի հետ Պուտինը միայն մեկ հանդիպում է ունեցել 2018 թվականին Հելսինկիում։

Բայդեն – Պուտին հանդիպման նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանի իշխանություններին հերթական անգամ կոչ էր արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։

Պետդեպարտամենտը դատապարտել է Նավալնիի հետ կապված երեք կառույցները ծայրահեղական ճանաչելու մասին Մոսկվայի քաղաքային դատարանի երեկվա որոշումը։ Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության համաձայն, նման որոշումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններն ուժեղացնում են ճնշումը քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա։ Հայտարարության մեջ ասված է նաև, որ Նավալնին, ում առողջական վիճակը վատանում է, շինծու հիմքերով նախկինի պես գտնվում է անազատության մեջ, և Միացյալն Նահանգները կրկին Ռուսաստանից պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին։

XS
SM
MD
LG