Մատչելիության հղումներ

Բայդեն. «Միացյալ Նահանգները ցանկանում է կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի Դաշնության հետ հաստատել կայուն և կանխատեսելի հարաբերություններ: Այդ մասին ասվում է նախագահ Ջո Բայդենի հոդվածում, որն այսօր հրապարակել է The Washington Post պարբերականը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում ես անկեղծ եմ եղել և ասել եմ, որ ԱՄՆ-ը չի ուզում առճակատման գնալ Ռուսաստանի հետ: Մենք ցանկանում ենք համագործակցել այն հարցերի շուրջ, որտեղ հնարավոր է միասին աշխատել, դրանք են, մասնավորապես, ռազմավարական կայունությունը և սպառազինությունների վերահսկողությունը», - ասվում է ԱՄՆ նախագահի հոդվածում:

Բայդենի փոխանցմամբ, հենց այդ պատճառով էլ նա՝ ստանձնելով պաշտոնը, ռուսական կողմին անմիջապես առաջարկել է ևս հինգ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և վերահսկողության պայմանագիրը և այդպիսով ամրապնդել ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի անվտանգությունը:

Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ, այսօր արևմտյան դեմոկրատիաների համար որոշիչ պահ է:

«Արդյոք դեմոկրատական միությունները և հաստատությունները կկարողանա՞ն ապացուցել արդիական մարտահրավերներին և մրցակիցներին հակազդելու ունակությունները: Ես կարծում եմ, որ կարող են: Այս շաբաթ մենք Եվրոպայում կունենանք դա ապացուցելու հնարավորություն», - գրել է Ջո Բայդենը:

ԱՄՆ նախագահն այս շաբաթ կմեկնի Եվրոպա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Այսօրվա հոդվածում ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնն առանց վարանելու կպատասխանի Ռուսաստանին, եթե ռուսական կողմը կփորձի վնաս հասցնել ԱՄՆ-ին:

«Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կնախորդեն բարձր մակարդակով հանդիպումներ մեր բարեկամների, գործընկերների և դաշնակիցների հետ, ովքեր կիսում են մեր տեսակետները համաշխարհային զարգացումների վերաբերյալ: Մենք միասնական ենք եվրոպական անվտանգությանը Ռուսաստանի նետած մարտահրավերներին, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային պատասխանելու հարցում: Թող ոչ ոք չկասկածի, որ Միացյալ Նահանգներն ի զորու է պաշտպանել մեր դեմոկրատական արժեքները, որոնք հնարավոր չէ անջատել մեր շահերից»,- գրել է Բայդենը:

«Մենք այնպես ենք արել, որ Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են առաջացել մեր դեմոկրատական ընտրություններին միջամտելու համար: Պուտինը գիտի, որ մենք չենք վարանի նաև ապագայում վնասակար քայլերին պատասխան տալու գործում, երբ մենք կհանդիպենք Ժնևում, ես վերստին կընդգծեմ ԱՄՆ-ի հաստատակամությունն այդ հարցում»,- ասվում է Ջո Բայդենի հոդվածում:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 16-ին Ժնևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG