Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են հանդիպման


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, արխիվ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների թիմերն ակտիվ աշխատում են Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի՝ Ժնևում հունիսի 16-ին կայանալիք հանդիպման օրակարգի վրա: Երկու կողմերն էլ նշում են գերտերությունների ղեկավարների առաջին բանակցությունների կարևորությունը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, թե ժնևյան հանդիպումը բնավ չի կարելի համարել ինչ-որ յուրօրինակ «պարգև» Պուտինին:

Սալիվանը նաև մի նրբություն է ընդգծել, ասելով, թե «Ջո Բայդենը հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ ոչ թե չնայած առկա տարաձայնություններին, այլ որովհետև առկա են տարաձայնություններ»:

Ամերիկյան կողմը ցանկանում է անձամբ Ռուսաստանի ղեկավարից լսել տարաձայնությունների վերաբերյալ նրա բացատրությունները և փորձել կարգավորել դրանք, և այդ նպատակին հասնելու համար լավագույն միջոցն ուղիղ հանդիպումն է:

«Հարաբերությունները Ռուսաստանի հետ ոչ թե վստահության, այլ ստուգման ոլորտից են, խոսքը մեր ակնկալիքների հստակեցման մասին է, ինչպես նաև այն մասին, որ եթե Ռուսաստանի կողմից նկատվի ինչ-որ տեսակի վնասակար գործողություն՝ Միացյալ Նահանգներն անմիջապես կարձագանքի: Ի՞նչ տեսակի արձագանք՝ դե դա մենք կներկայացնենք նախագահ Պուտինին, և նա ամբողջությամբ կհասկանա Միացյալ Նահանգների դիրքորոշումները և կարողությունները», - ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Պուտինի հետ հանդիպմանը կնախորդի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի ՆԱՏՕ-ի գործողությունների և զորավարժությունների ֆինանսավորումը հավասար և արդար սկզբունքով իրականացնելու հարցը:

Ժնևյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ կան նաև Մոսկվայից: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, թե այլևս չի կարելի հետաձգել ռազմավարական կայունության հարցերի շուրջ մոլորակի երկու գերտերությունների առաջնորդների երկխոսության մեկնարկը: Այդ մասին Ռյաբկովը խոսել է Պետական դումայի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:

«Առաջին հերթին ես կառանձնացնեի ռազմավարական կայունության թեման: Այս ոլորտում այլևս չի կարելի դադարը ձգել: Մեզ պետք է վերջապես առաջ շարժվել համակարգված և կանոնավոր կերպով, գիտակցելով, թե ինչն է հնարավոր և ինչն է անհնար», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով, ռուսական կողմը շատ հիմնավոր է պատրաստվում հանդիպմանը, բոլոր հարցերը մանրամասն մշակվում են:

«Չեմ կարող խոսել արդյունքների մասին, դա վաղաժամ է», - նշել է Ռյաբկովը: Նրա փոխանցմամբ, ժնևյան հանդիպման հետ կապված ակնկալիքները սպառիչ շարադրված են Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում Պուտինի կողմից:

«Մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերությունները, ես ելնում եմ այն հանգամանքից, որ մենք պետք է փորձենք գտնել դրանց կարգավորման ուղիները, այսօր այդ հարաբերությունները չափազանց ցածր մակարդակի վրա են», - ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում:

Ռյաբկովը Դումայի պատգամավորների հետ այսօրվա հանդիպման ընթացքում նշել է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն ամեն ինչ անում է Ժնևում երկու ղեկավարների հանդիպումը լավագույնս կազմակերպելու համար:

«Մենք մեր կողմից կանցնենք այդ ճանապարհի մեր հատվածը, հույս ունենք, որ կօգնենք մեր լիդերին պատվով դուրս գալ այդ հանդիպումից և գոնե ապահովել կայունություն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում», - ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

XS
SM
MD
LG