Մատչելիության հղումներ

Ճնշման նպատակը «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դարձնելն է, հարցը պիտի լուծվի Արևմուտքի միջոցով. տեսակետներ


Արամ Սարգսյանը և Ժիրայր Սեֆիլյանը զրուցում են «Ազատության» հետ, 14-ը մայիսի, 2021թ.
Արամ Սարգսյանը և Ժիրայր Սեֆիլյանը զրուցում են «Ազատության» հետ, 14-ը մայիսի, 2021թ.

Հայաստանի արտախորհրդարանական ուժերից երկուսը Սյունիքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են ոչ թե ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի, այլ Արևմուտքի միջամտության միջոցով։

Ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծման գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումով, վստահ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը։

«Ես համարում եմ, որ Սև ջրի տարածք մտնելու այդ խնդիրը, այդ թույլատրությունը եկել է Ռուսաստանից, ավելին` համարում եմ, որ նման քարտեզ Ադրբեջանին տրամադրել է Ռուսաստանը, որ նրանք այդ քայլերին գնան, ճնշումների մեծացումը մի նպատակ ունի` Ալիևի հայտարարած Զանգեզուրի միջանցքն իրականություն դարձնելու խնդիրը, որը բխում է թե Ռուսաստանի շահերից այնպես, ինչպես իրենք Լաչինում են անվտանգություն ապահովում և ուղեկցում հայ քաղաքացիներին, այնպես էլ իրենք թուրք քաղաքացիների անվտանգությունը կապահովեն այդ միջանցքով Նախիջևանից դեպի Ադրբեջան գնալուն», - ասում է Արամ Սարգսյանը:

Սյունիքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, հարցի միջազգայնացմամբ, ասում է Արամ Սարգսյանը, որը վստահ է, որ այս իրավիճակում Հայաստանը ստիպված է պայքարել ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև գործընկեր Ռուսաստանի դեմ, որը փորձում է շատ արագ լուծել Հայաստանի տարածքվ Ադբեջանին ճանապարհ տալու հարցը. «Տարանցիկ ճանապարհների շրջափակման խնդիրը լուծելու հարցը, որը ներառվել է չգիտես ինչու հաշտության պայմանագրում, որը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Այս հարցն էլ պիտի փորձենք լուծել` ճանապարհների ապաշրջափակման հարցը Թուրքիայի հետ, պիտի փորձենք լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ռուսաստանն անընդհատ պնդում է, ու շատ արագի մեջ հենց առաջին հանդիպմանը փորձեցին փոխվարչապետներով կառույց ստեղծել, որը մինչև ամսի 1-ը պիտի որոշում կայացներ, ու այդ ճանապարհները բացեին, որ Ալիևն արդեն հայտարարում է, որ ինքն այդ ճանապարհների շինարարությունն սկսել է»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հավանական է համարում, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ադրբեջանական զինվորականնների հայտնվելը առաջին քայլերն են Հայաստանի տարածքով, այսպես կոչված, միջանցք ունենալու ուղղությամբ, ինչին ձգտում է Ադբեջանը, և ինչին չի ընդդիմանում Ռուսաստանը. «Այո, դա մեր ՀՀ անկախությանը դեմ է, Հայատանի Հանրապետությունում լինում է ճանապարհ, որի վերահսկողությունը տրվում է Ռուսաստանին, այն դեպքում, որ փաստաթղթում նման բան չկա գրված, Լաչինը գրված է միջանցք, իսկ այդ ճանապարհը գրված է ճանապարհների ապաշրջափակում, որովհետև թե Իլհամ Ալիևը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը չեն թաքցնում այդ տարածքի նկատմամբ իրենց ունեցած նկրտումները, և դրա համար էլ այդ 9-րդ կետը ստիպողաբար մտցրել են այդ փաստաթղթի մեջ, Ռուսաստանի աջակցությամբ ստիպողաբար, ես կրկնում եմ ու համոզված եմ դրանում, որ մտցրել են այդ փաստաթղթի մեջ»:

«Սասնա ծռեր» կուսակցությունն ու մի քանի այլ ուժեր միավորող «Ազգային ժողովրդավարական բևեռում» ևս Սյունիքի Սև լճում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին Ռուսաստանում չեն փնտրում, ավելին` համարում են, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չի ապահովելու Հայաստանի անվտանգությունը. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ես կարծում եմ, որ դա արդեն շատերի համար անհեթեթություն է, եթե մինչ պատերազմն այդ մասին մենք հաճախ էինք խոսում, սակայն չէինք ընկալվում, սակայն պատերազմը, որը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, բոլորս զգացել ենք, ունեցել ենք մեծ կորուստներ, արդեն վստահ եմ, որ մեր ժողովրդի զգալի մասը հասկացել է, որ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ միայն թուրքի մտահղացումն էր, այլ նաև Ռուսաստանի պետության»:

Պատերազմից հետո վերջին 6 ամիսներին Հայաստանը պետք է ոչ միայն փորձեր պաշտպանական համակարգեր կառուցել, ասում է Ժիրայր Սեֆիլյանը, այլև պետք է փորձեր նոր դաշնակիցներ փնտրեր, որոնց շահերը կհամընկնեին Հայաստանի շահերին. «Վերջապես մենք` հայերս պետք է սովորենք, որ մենք պետք է գործենք ըստ մեր շահերի: Այս 30 տարվա ընթացքում մենք ունեցել ենք մի քաղաքական խավ, որը սպասարկել է Ռուսաստանի շահերը, ոչ հայերի շահերը: Այժմ եկել է պահը, որ ձևավորվի այնպես մի էլիտա, որը սկսի սպասարկել հայկական կողմի շահերը: Պարզ է, որ առաջնահերթ մենք տեսնում ենք գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները, մենք տեսնում ենք Իրանը, Հնդկաստանը, Վրաստանը, Հունաստանը, Եվրոպան»:

Մյուս կողմից էլ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման համար հաջորդ կարևոր քայլը Փաշինյանի կառավարության օր առաջ հեռացումն է. «Դրա գոյությունը խանգարում է, որ մեր երկրում ձևավորվի քաղաքական գլուխ: Այսօր մեր երկիրը քաղաքական իմաստով անգլուխ է: Երբ երկիրը լինում է անգլուխ, պարզ է, որ հոշոտվում է, և հենց նրա գոյության պատճառով էլ այսօր տակավին ազերիները կարողանում են այդպիսի ոտնձգություններ անել: Իսկ հեռանկարային աշխարհաքաղաքական իմաստով մենք համոզված ենք, որ այստեղ պիտի լուրջ փոփոխություններ տեղի ունենան, անկախ մեզանից, հեռու չեն այն օրերը, որ մի օր կարող ենք զարթնել և տեսնել, որ Ռուսաստանն ինքն է որոշել գնալ այստեղից: Այսօրվանից պետք է պատրաստվենք, թե այդ վակուումն ինչպես ենք լրացնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG