Այսօր առավոտյան Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին ռազմական օգնության համար, «Ազատությանն» այս մասին ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը», - ասել է նա:
Ավելի վաղ այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մինչդեռ ասել էր, թե Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել:
«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսում է նաև նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ նշել է [Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի] եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթը, որում խոսքը հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինն ու Փաշինյանը երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը։
Ալեն Սիմոնյանը, սակայն, ասում է, թե որևէ հակասություն այստեղ չկա` Պեսկովը խոսում էր երեկ ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցի մասին, իսկ օգնության համար Երևանը դիմել է այսօր առավոտյան. «Այս գիշերվա ժամանակահատվածում ադրբեջանական զորքերը հետ պետք է քաշվեին: Այսօր, երբ ակնհայտ է դարձել, որ այդ տեղաշարժը տեղի չի ունեցել, Հայաստանի Հանրապետության վարչապետն արդեն դիմել է պաշտոնապես, որպեսզի փոխգործակցության համաձայնագիրը, պայմանագիրը իրագործվի»:
Իսկ երեկ ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ։
Երեկ ուշ երեկոյան, հիշեցնենք, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին է զանգահարել Ֆրանսիայի նախագահը և հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։
Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյան, ըստ պաշտոնական Երևանի, Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ՀԱՊԿ-ին դիմելու իր հանձնարարականի մասին։
Նախագահ Պուտինը, ըստ հայկական կողմի, «անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան» և համաձայնել հայկական կողմի հետ, որ «այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով»։ Պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին որևէ բառ չի ասվում։
Ըստ Ռուսաստանի նախագահական նստավայրի, «Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խիստ կատարման անհրաժեշտությունը, նախ և առաջ՝ հրադադարի պահպանման մասով»։ Ռուսական կողմը, Կրեմլի հաղորդագրության համաձայն, հաստատել է նաև ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը։
Կրեմլն այս հաղորդագրությունում ընդգծում է նաև, որ տարածաշրջանի կայունության ապահովման համար շարունակելու է պահպանել Երևանի ու Բաքվի միջև սերտ կապերը։
«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, կողմ է արտահայտվել կառուցողական երկխոսությանը և փոխգործակցությանը, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտա-լոգիստիկ միջոցների վերականգնման հարցերին», - նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։
Որ Սյունիքում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորել խաղաղ դիվանագիտական ճանապարհով՝ այսօր ընդգծել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում։
Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինի լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար, ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց են ունեցել այսօր առավոտյան: Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը մտքեր են փոխանակել և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը՝ հարցը հնարավորինս արագ կարգավորելու համար:
Երեկ և այսօր հեռախոսազրույցներ են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։
Հիշեցնենք ՝ Սյունիքում իրավիճակը կտրուկ սրվել է Սերգեյ Լավրովի՝ մայիսի 10-11-ը Բաքու կատարած այցից անմիջապես հետո։
Ռուսական մամուլը շարունակում է ակտիվորեն լուսաբանել հայ-ադրբեջանական սահմանային այս կոնֆլիկտը։ РБК-ն այսօր, մասնավորապես, «Փաշինյանը Մակրոնի զանգից հետո, զանգել է Պուտինին» վերնագրով հոդված է հրապարակել, իսկ "Коммерсантъ"-ն էլ այսօր, անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու Փաշինյանի որոշմանը, գրել է, թե հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և իշխանությունների ու ընդդիմության ցանկացած որոշում պետք է դիտարկել նաև այդ համատեքստում: ՀԱՊԿ-ին դիմելը կարող է դիտարկվել որպես նախկին սխալների ուղղման փորձ և ընտրողին դուր եկող վճռականության ցուցադրություն։ Սակայն եթե նման քայլը չօգնի լուծել խնդիրը, ապա ազդեցությունը կարող է հակառակը լինել, ընդգծում է ռուսական պարբերականը։