Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումների, այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններին: Վերջինս հայտնեց՝ դրանք ընթացքի մեջ են, վերջնական արդյունք չկա.
«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը և պատրաստ ենք հանգիստ ու հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնելու, բայցևայնպես նաև պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների և նաև պատրաստ լինենք մեր սուվերեն, ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, և նաև նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենք այստեղ»:
Հայաստանը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը, ասաց Ավինյանը, միևնույն ժամանակ պնդելով, թե ադրբեջանական կողմից էլ հաստատում են իրենց ջանքերը` խաղաղ կարգավորմանն ուղղված. «Ըստ իրենց` իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ուզում ձեռնարկեն հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց ես նորից կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին, և երեկվա Անվտանգության խորհրդի նիստը և մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելումն է: Ճգնաժամի կառավարման կետով ենք դիմել հետագա հնարավոր խորացումից խուսափելու և այդ խորացումը կանխելու համար:
Ես կարծում եմ` յուրաքանչյուր իրավիճակին շատ կարևոր է ադեկվատ ռեակցիա տալ, և կարծում եմ` յուրաքանչյուր իրավիճակին մեր մոտեցումը և մեր արձագանքը պետք է լինի համարժեք»», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Ավինյանի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահներն իրենց առաջխաղացումը հիմնավորել են անհայտ ծագման քարտեզներով. «Ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են, և որևէ աղերս չունեն իրականության հետ»:
Պաշպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլից» պատգամավոր Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին մասնակցում են գլխավոր շտաբի պետի տեղակալը, զինվորական կորպուսի հրամանատարներ և ռուս զինվորականներ: Պատգամավորի խոսքով՝ բանակցությունները ոչ միայն Գորիսի Վերշեն բնակավայրին մոտ գտնվող Սև լճի վերաբերյալ են, այլև այն տարածքների, որտեղ ադրբեջանցիները վերջին օրերին առաջ են եկել: Խոսքը Սիսիանի և Վարդենիսի մասին է. «Ընդհանուր այն վայրերում, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել ՀՀ պետական տարածք, վարչական տարածք, ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ ամբողջ գործընթացին»:
Եթե բանակցությունները արդյունք չտվեցին, ադրբեջանական զորախումբը պետք է ուժի կիրառմամբ վռնդվի բոլոր այն տարածքներից, որտեղ հայտնվել է, հայտարարեց Խաչատրյանը. «Բանակցային պրոցեսն արդյունք չտվեց, իհարկե այստեղ այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել մեր համապատասխան մարմինները: Նաև ՀԱՊԿ-ի շրջանակում, արդեն հարկադիր ուժի կիրառմամբ պետք է ադրբեջանական այդ զորախումբը վռնդվի հայկական տարածքից»:
Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանք է իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանն այսօր մի քանի սահմանամերձ գյուղերում էր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Օմբուդսմանն ասաց` ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սահմաններից ներս գտնվող տարածքներում ուղիղ վտանգ է սահմանի բնակիչների կյանքի անվտանգությանը: Թաթոյանը խոսեց նաև ջրային պաշարներին սպառնացող վտանգի և իրենց արոտավայրերը կորցրած գյուղացիների սոցիալական խնդիրների մասին:
Հայաստանի մարդու իրավունքերի պաշտպանը նաև նախատեսում է փաստահավաք աշխատանք իրականացնել Գեղարքունիքի մարզում. «Բացահայտ է, որ նրանց գործողությունները, իմ գնահատմամբ, ամենաբարձր ադրբեջանական իշխանությունների կողմից նախատեսված և խաղաղությունը տարածաշրջանում վտանգում է: Տեսեք` ադրբեջանական իշխանությունները ի՞նչ են անում. անընդհատ ամբողջ աշխարհին սկսել են տարածել, թե մենք խաղաղության ենք գնում, ամեն ինչ վերջացած է, այ հայերը, տեսեք, չեն ուզում խաղաղություն: Սա ի՞նչ վիճակ է, հիմա ո՞վ կարող է խոսել` խաղաղությունն ո՞վ է վտանգում: Պարզ չի՞, որ նրանք են խաղաղությունն ամբողջությամբ վտանգում տարածաշրջանում, էլ չեմ ասում այս մեր երկրի մասին»: