«Ազատություն»․ - Նախ վերջին տեղեկությունները։ Արդյո՞ք բանակցությունները արդյունք տվել են։
Գրիգորյան․ - Դեռևս ամբողջական արդյունք չեն տվել։ Էս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը հետ վերադառնան ելման կետ։ Մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը։ Ընդհանուր առմամբ, մեր առջև դրված խնդիրը հենց սա է։
«Ազատություն»․ - Նոր տեղաշարժեր եղե՞լ են։
Գրիգորյան․ - Բնականաբար տարբեր ուղղություններով փորձում են շարժեր կատարել։ Առաջ գալ չի եղել, բայց ընդհանուր շարժեր եղել են։ Բնականաբար, մեր բանակը ևս շարժ կատարում է և վերահսկողության տակ է վերցնում բոլոր այդպիսի շարժերը։ Էս պահին կա, էսպես ասած՝ ընդհանուր առմամբ ակտիվ գործունեություն մեր բանակի կողմից, և համոզված ենք, որ շատ շուտով խնդիրը կկարողանանք կարգավորել։
«Ազատություն»․ - Այսինքն՝ այս ընթացքում, մինչ ընթանում են բանակցությունները, էլի ինչ-որ ուղղություններով փորձել են առաջ գալ։
Գրիգորյան․ - Սա չպետք է ընդհանրապես դիտել որպես լոկալ մի գործողություն։ Օրինակ՝ Սև լճի ուղղությամբ ինչ-որ մի գործողություն։ Սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ադրբեջանը, բնականաբար, սա մենակ չի կատարում, Ադրբեջանին օգնում են իր դաշնակիցները, և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապակայունացման գործընթացի տրամաբանության շրջանակներում է։ Այդ իսկ պատճառով չպետք է դիտել զուտ մեկ տեղում ինչ-որ մի իրադրություն։ Մենք գնահատում ենք ընդհանուր իրավիճակը։ Հենց դա է պատճառը, որ մենք չենք ընկալել սա, չենք գնահատել սա որպես լոկալ գործողություն։ Այդ իսկ պատճառով դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Եթե դա լիներ լոկալ միջադեպ, բնականաբար մենք ՀԱՊԿ-ին չէինք դիմի։ Բայց դա լոկալ միջադեպ չէ, և վարչապետը երեկ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է դրա պատճառները, թե ինչու ենք դիմում ՀԱՊԿ։
«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ է դիմել Ադրբեջանը այդ սադրանքին։
Գրիգորյան․ - Բնականաբար, 94 թվականից պարբերաբար Ադրբեջանը սադրանքների է դիմում։ Նպատակը Հայաստանի հանդեպ ագրեսիվ գործողություններն են։ Փորձել բարելավել դիրքերը․․․ Բայց ընդհանուր առմամբ, նաև Հայաստանի հանդեպ ագրեսիա ցուցադրելը։
«Ազատություն»․ - Ճնշո՞ւմ գործադրել։ Նկատի ունեմ, ինչ-որ բան կորզել դրա դիմաց․․․
Գրիգորյան․ - Շարունակաբար կորզեն․․․ Իհարկե, նոյեմբերի 9-ի հայտարարության ընկալումները այլ են, բայց դրա արդյունքում Ադրբեջանը ստացել է իր տարածքում հավելյալ երկու զորք, երկու պետության զորք, և բնականաբար, գոհ չէ ստեղծված իրավիճակից։ Եվ Ադրբեջանը շարունակաբար փորձելու է իր ներքին խնդիրները արտաքին դաշտ տեղափոխել և արտաքին դաշտում իր հանրության ուշադրությունը պահել։
«Ազատություն»․ - Գուցե միջանցքն է ուզում Սյունիքի այս ճանապարհով․․․
Գրիգորյան․ - Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցք բառ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չի եղել և չի կարող լինել։ Ապաշրջափակումը համընդհանուր բնույթ պետք է ունենա։ Դա չի նշանակում, որ մեկ ուղիղ ճանապարհ պետք ա լինի։ Եթե ապաշրջափակումը տեղի ունենա, Ադրբեջանը հնարավորություն կունենա օգտվելու Հայաստանում գործող ճանապարհներից։ Եվ միջանցքի որևէ քննարկում չի կարող լինել։ Ի դեպ, միջանցքի խոսույթը Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված է։ Վերցրեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը և էդպիսի որևէ բառ չեք գտնի։ Եվ մենք, և բոլորը հայտարարում են պարբերաբար, որ մենք բոլորս մնալու ենք նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։ Եվ նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս ցանկացած հայտարարություն նշանակում է խոչընդոտել ընդհանուր գործընթացին։
«Ազատություն»․ - Այս պահին խոսքը վարչապետի նշած 250 ադրբեջանցիների մասի՞ն է դեռ։
Գրիգորյան․ - Այո։
«Ազատություն»․ - Ինչ-որ վերջնաժամկետ տրվե՞լ է Ադրբեջանին։
Գրիգորյան․ - Բանակցությունները ընթանում են, ՀԱՊԿ-ի շրջանակներում ևս գործընթաց է սկսված։ Եվ ըստ դրա, կարծում ենք, որ լուծումներ են լինելու։
«Ազատություն»․ - Ռուսական կողմը մասնակո՞ւմ է բանակցություններին։
Գրիգորյան․ - Այո, ռուսական կողմը ևս մասնակցում է։ Նաև գիտեք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմել է Ռուսաստանին։ Բացի ՀԱՊԿ ֆորմատը օգտագործելուց, մենք նաև դիմել ենք Ռուսաստանին, որպեսզի այս մեխանիզմը ևս գործարկենք։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․