Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հարությունյանը նշել է, թե «բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ»։
«Կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն»։
Ռուսական կողմի արձագանքի մասին որևէ բառ չի ասվում։ Ռուսական կողմը ևս դեռ զրույցի մասին հաղորդագրություն չի տարածել։