Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը, «Ազատությանը» տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ քննարկում տեղի չի ունեցել նման հարցի շուրջ, վերաբերում է երեկվա հեռախոսազրույցին, որի ժամանակահատվածում եղել է միտում և քննարկում առ այն, որ ադրբեջանական զորքերը ետ կքաշվեն գիշերվա ընթացքում, բայց քանի որ դա տեղի չի ունեցել, այսօր առավոտյան արդեն պաշտոնապես դիմվել է Ռուսաստանի Դաշնությանը», - հավելեց Սիմոնյանը:
Հարցին, թե ինչո՞ւ կարիք առաջացավ փոխօգնության պայմանագրի շրջանակներում ևս դիմել ՌԴ-ին, բացի ՀԱՊԿ դիմելուց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Որովհետև բոլոր լծակները և դիվանագիտական խողովակներն այս փուլում օգտագործվում են, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա, քանզի անընդունելի ենք համարում ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ գեթ մեկ կիլոմետրի հետ կապված որևիցե խնդիր»:
Կառավարությունն այս մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով այսօր ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարը, հիշեցնենք, նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին:
Երեկ ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել: