Եթե Սահմանադրական դատարանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի կետերը հակասահմանադրական կհամարի, «հարց չկա, որոշումն ընդունելու ենք», այս մասին այսօր Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց կրթության նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
«Հիմա քանի դեռ Սահմանադրական դատարանում հարցը կուսումնասիրվի, կքննարկվի, դուք ավելի լավ գիտեք ժամկետները: Ես ճշտել եմ, որ դա կարող է տևել ամիսներ: Այդ ընթացքում գործում են այլ օրենքներ: Մենք ի՞նչ ենք արել, ես ի՞նչ եմ առաջարկել. ասում ենք` եղած գործիքներով` օրենքներով, որոնք գործում են այսօր, եկեք խնդիրը լուծենք», - ասաց նա:
Այս օրենքի նախագծի՝ մասնագիտական շրջանակում ամենաշատ քննադատված դրույթները բուհերի կառավարման խորհուրդների կազմի փոփոխություններին են վերաբերում. Կրթության նախարարության ներկայացուցիչները համալսարանների կառավարման գործում ավելի մեծ թվով մանդատ կունենան։
Դասախոսները, հասարակական, քաղաքական գործիչներն ամիսներ շարունակ բարձրաձայնում են՝ այս փոփոխությունը կվնասի բուհերի ակադեմիական ազատությանը։
Մինչ ՍԴ-ն օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի, կառավարությունն օրերս երեք պետական բուհերի՝ ԵՊՀ-ի, Գյումրու պետական համալսարանի ու Մանկավարժականի հոգաբարձուների խորհուրդների համամասնությունը փոխելու որոշում կայացրեց՝ նախարարության ներկայացուցիչներին ավելի շատ մանդատ տալով։
Երևանի պետական համալսարանն արդեն շուրջ 2 տարի է` ռեկտոր չունի: Ընտրության հարցն անընդհատ ձգձգվում է: Իրավիճակն ավելի սրվեց, երբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարեց՝ հրաժարական է տալիս, հրաժարական ներկայացրեց նաև հոգաբարձուների խորհրդի կազմի կեսը: Այսպիսով Հայաստանի ամենամեծ բուհն այս պահին կառավարող մարմին չունի: Մարմինը, որն էլ պետք է ընդուներ Գեղամ Գևորգյանի հրաժարականը, փաստացի չկա:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հայտարարեց՝ եթե իր դիմումը մեկ ամսում չընդունվի, կարող է թողնել, գնալ, սակայն այդ իրավունքից չի օգտվի։ Նախարարի պաշտոնակատարը պարզաբանում է՝ կառավարության որոշումը պայմանավորված է բուհերում կառավարման խորհուրդների բացակայությամբ։ Ըստ Կրթության նախարարության` կառավարության այդ որոշման ընդունումը հրատապ էր՝ բուհերում կառավարման վակուում չառաջացնելու համար։
Իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող Վահե Հովհաննիսյանը, Դումանյանին դիմելով, ասաց՝ ճգնաժամ չառաջացնեինք. «Ուզում եք ձևավորել նոր խորհուրդ, նախ առաջինը հրաժարական թող չտային բոլորը միասին շատ հետաքրքիր պայմաններում, իսկ եթե ուզում եք ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ գործող կարգի ձևավորել, իսկ ճգնաժամն այս քայլով ավելի խորանում է: Ինչո՞ւ է խորանում, որովհետև երբ որ Սահմանադրական դատարանում վիճարկվում է նորմը, երբ որ բավարար հիմքեր ունենք պնդելու, որ Սահմանադրական դատարանում կվիճարկվի նաև կառավարության որոշումը, արհեստականորեն ստեղծում եք տուրբուլենտ իրավիճակ»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի պնդմամբ` այն, որ օրենքն այժմ Սահմանադրական դատարանի տիրույթում է, իսկ կառավարությունն այդպիսի որոշում է կայացրել, նոնսենս է, այդպիսի բան չի կարող լինել. «Գործողությունները, այսինքն, ձևի իմաստով, բովանդակությունը թողնենք մի կողմ, ձևի իմաստով ուղղակի սխալ են ընտրված, և ճիշտ կլիներ, եթե Դուք մտահոգված եք, չեմ կասկածում` մտահոգված եք համալսարանի բնականոն գործունեությամբ, անձամբ Դուք, ոչ թե իշխանությունը, ուրեմն այդ դեպքում ոչինչ չէր խանգարում, որպեսզի այս որոշումը չլիներ, գործող օրենքով, ոնց որ Դուք եք ասում, այլ 32 հոգի 25-ական տոկոսով, նույնիսկ որն էլի չի բավարարում, ձեր կազմը ներկայացնեիք, ընտրություն իրականացնեիք, ռեկտոր ընտրեինք, և շարունակեր գործունեությունը»:
Կրթության նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը վերջին ամիսներին պարբերաբար պնդում է՝ բուհերի հիմնադիր նախարարությունն ավելի մեծ թվով ներկայացուցիչներ պետք է ունենա կառավարման խորհուրդներում. «Ես 9:0-ի կողմնակիցն եմ եղել և ասել եմ Ազգային ժողովում, քաղաքական քննարկումներ, դե Ազգային ժողովի պատգամավորներ, չի անցել իմ առաջարկը, ասում են դա 7:2: Դե չէ, տենց ո՞նց կլինի, մի դասախոս, մի ուսանող, չի նայվի, դե ասում եմ` 6:3, չէ դե էտ էլ բան չի»: