Մատչելիության հղումներ

Փոփոխված օրենքը խախտում է նաև ժողովրդավարության սկզբունքը․ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան


Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան
Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան

Այսօր տարածած հայտարարությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարել են, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են Սահմանադրությանը։

Մասնավորապես, ըստ հայտարարության՝ մարտի 24-ին խորհրդարանի կողմից ընդունված օրենքով խախտվում է բուհերի ինքնավարության մասին դրույթը, քանի որ առաջարկվում է հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում անդամներից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին, պետք է լինեն նախարարության ներկայացուցիչներ։

Հայտարարության հեղինակները նաև արձանագրում են, որ կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է ռեկտորի ընտրության վրա, քանի որ ըստ էության, առաջարկվող փոփոխություններով ռեկտորը ոչ թե ընտրվելու է, այլ նշանակվելու կառավարության կողմից։

«Արդյունքում ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից», - նշվում է հայտարարության մեջ։

Դրա հեղինակներից Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը վստահ է, որ փոփոխված օրենքը խախտում է նաև ժողովրդավարության սկզբունքը, քանի որ առաջնահերթությունը նախ պետք է համալսարանի անձնակազմին տրվեր․ - «Եթե հինգ տեղ նշանակում է Կառավարությունը, նախարարությունը, կախվածության որոշակի խնդիրներ են առաջանում։ Ինչքան ուզում ես ավելացրու քանակը՝ չորս հոգի, բնական է չորսի դեպքում հինգ հոգին միևնույն է դառնում է նշանակովի, ոչ թե ընտրովի։ Այլ կերպ ասած՝ ընտրությունը վերածվում է նշանակման․ ինչքան թեկնածու ուզումե ս առաջարկի, վերջին հաշվով հինգ հոգին մեծամասնություն է կազմում, և դա դառնում է նշանակովի»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, սա կհանգեցնի նրան, որ նախարարությունը խորհրդի իր անդամներին հստակ ուղղորդելու է ու ասելու, թե տվյալ բուհի ռեկտոր ում է պետք ընտրել․ - «Բնականաբար, այդ հինգ մարդը չեն կարողանալու ընդդիմանալ նախարարության ուղղորդմանը։ Այսինքն՝ մենք ունենում ենք ընտրություն, որը ըստ էության նշանակում է։ Ընդհանրապես ժողովրդավարության ամբողջ իմաստը այն է, որ իշխանությունը կարող է լինել շատ վատը, և դու միշտ պետք է ունենաս հակակշիռներ։ Այս նոր կարգով բուհերը լրիվ զրկվեցին հակակշիռներից, և այդ չորս ձայնը իրենց ոչ մի դեպքում չի բավարարելու»։
Կրթության նախարարությունից ԵՊՀ-ի և ակադեմիայի այսօրվա հայտարարությանը հակիրճ արձագանքեցին՝ նշելով միայն, թե «ցանկացած օրենքի կամ նրա առանձին դրույթների սահմանադրության համապատասխանությունը որոշում է Սահմանադրական դատարանը»։

Հայտարարությունում համալսարանի դեկաններն անդրադառնում են նաև օրենքով սահմանվող տարիքային սահմանափակումներին, նշում, որ կրթության ու գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական և կրթական փորձառության մակարդակը, և 65-70 տարին այն տարիքը չէ, որ գիտնականն այլևս չկարողանա ղեկավարել գիտական/բուհական գործընթացը։

«Մանավանդ հումանիտար մասնագետ ձևավորելու զարգացնելու․․․ մշստ ավելի ուշ է ձևավորվում այս ոլորտի մասնագետը։ Մինչև արդեն ձևավորվում է որպես մասնագետ՝ լսարան մտնելու, իր վրա աշխատելու, արդյունք ստեղծելու, արդեն դառնում է թոշակի տարիքի։ Դրանից հետո արդեն դու զրկում ես մարդուն մասնագիտական հմտությունները դրսևորելու [հնարավորությունից]», - ասում է Մինասյանը։

Կրթության փորձագետի խոսքով, բուհ ղեկավարելու համար առաջնահերթությունը փորձն է․ - «Դու պետք է գիտության մեջ ճանապարհ անցնես և որոշակի հեղինակություն վաստակես։ Իսկ դրա համար ժամանակ է պետք։ 30 տարեկան մարդը չի կարող էդ ճանապարհը վաստակել, էդ հեղինակությունը։ Դրա համար գոնե նվազագույնը մարդը 35 կամ 40 տարեկան պետք է լինի, որ էդ ճանապարհը անցած լինի և էդ հեղինակությունը ունենա։ Բուհ ղեկավարելու համար դա շատ կարևոր է»։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրենք դեմ էին արտահայտվել օրենքում փոփոխություններին, բայց ակադեմիկոսների կարծիքը կառավարությունը հիմնականում չլսեց։

ԱԺ-ի մարտի 24-ի ընդունած օրենքը ուղարկվել է նախագահին՝ ստորագրության համար։ Նախագահը 21-օրյա ժամկետում կա՛մ պետք է ստորագրի ու հրապարակի այն, կա՛մ նույն ժամկետում դիմի Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։

XS
SM
MD
LG