Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետի՝ ԵՊՀ-ում ճգնաժամը ձևավորվել է վերջին 3 տարիների զարգացումների հետևանքով


Եթե մինչև մայիսի 17-ը Կրթության նախարարությունն ու կառավարությունը չնշանակեն հոգաբարձուների խորհրդի իրենց ներկայացուցիչներին, չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ և չընտրվի ռեկտոր, ապա Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) կառավարման լուրջ ճգնաժամի առջև կկանգնի, ասում է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

Պետական համալսարանը շուրջ երկու տարի է՝ ռեկտոր չունի, 2019-ին ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գեղամ Գևորգյանն էլ հայտարարել է՝ մայիսի 17-ին հրաժարական է տալու։ Թե ո՞րն է պատճառը և ինչո՞ւ հիմա, Գևորգյանն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

Այս պահին լուծարված է նաև համալսարանի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, քանի որ անդամների կեսը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեսակետներ են հնչում, որ այսպիսով իշխանությունները ցանկանում են Բարձրագույն կրթության և գիտության մասին փոփոխված օրենքով իրենց ցանկալի ռեկտոր նշանակել։ Այդ օրենքը, սակայն, ուժի մեջ դեռ չի էլ մտել, քանի որ նախագահը վիճարկում է դրա սահմանադրականությունը։ Վերջերս ընդունված փոփոխություններով՝ կրճատվում է հանրային բուհի կառավարման խորհրդի անդամների թիվը, իսկ նրանցից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին, պետք է լինեն Կրթության նախարարության ներկայացուցիչներ։

«Հինգ հոգու, եթե նշանակում է նախարարը՝ հետ կանչելու իրավունքով, այսինքն որ պահին իրեն չարդարացրեց, հետ կկանչենք, գործող օրենսդրության մեջ դա ֆիքսված չէ, հետկանչի իրավունք ֆիքսված չէ: Բայց հիմա հետկանչի իրավունքն է նաև այդպես սահմանվում, բնականաբար, հենց դա է ցույց տալիս: Ինչքան էլ նախարարությունը ասի, որ՝ չէ, դա կապ չունի, ինքնավարության հետ կապված խնդիր չէ, ակնհայտ է, որ հենց դա, այս ամեն ինչը կատարվում է նրա համար, որ հույս կար երևի, որ օրենքը անխոչընդոտ կանցնի, կմտնի ուժի մեջ, կնշանակեն իրենց ցանկացած անդամներին, նրանք էլ կընտրեն ռեկտոր էն մարդուն, ով իրենց ձեռնտու է», - ասաց Սողոմոնյանը:

Օրեր առաջ հարց ուղղվեց կրթության նախարարին՝ արդյոք կառավարության և լիազոր մարմնի կողմից նշանակված հոգաբարձուների խորհրդի 15 անդամների հրաժարականը չի՞ խոսում իշխանության ուղիղ հրահանգի մասին։ Նման տեսակետ, օրինակ, հայտնել էր համալսարանի գիտական խորհուրդը։

«Ընդհակառակը, դա խոսում է, որ իշխանությունն ուզում է՝ բուհում թարմացում մտնի և նոր խորհուրդ ձևավորվի՝ ավելի գործուն, ավելի էֆեկտիվ աշխատանքով», - նշել է նախարարը:

«Եթե էֆեկտիվություն ասելով մենք ընկալում ենք զուտ այն, որ արագ կկայացնեն որոշումներ, գուցե այդ դեպքում կարելի է արագ կայացնել որոշումներ և դա թելադրված կլինի մի կետից, մեկի կամքով, դա եթե համարում ենք էֆեկտիվ, ընդհանուր առմամբ, համարենք: Այսինքն՝ ով համարում է, թող համարի, բայց դա էֆեկտիվ չէ համալսարանի համար: Դա կարող է էֆեկտիվ լինել քաղաքական իշխանության համար, վերահսկելու, կանխատեսելի գործընթացներ ունենալու և այլնի համար գուցե էֆեկտիվ լինի, ցանկալի լինի, բայց դա էֆեկտիվ չէ համալսարանի համար: Հանրահայտ փաստ է՝ բուհերի ինքնավարությունը ուղիղ համեմատական է նրանց գործունեության արդյունավետությանը», - նշեց Մենուա Սողոմոնյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ԵՊՀ-ում ճգնաժամը ձևավորվել է վերջին 3 տարիների զարգացումների հետևանքով. «Ես, օրինակ, սպասում էի, որ հեղափոխությունից հետո կլինի կրթության նոր օրակարգ, նոր ռազմավարություն, նոր կարգավորումներ, և դրանց շրջանակներում փորձ կարվի լուծել անհատների խնդիրները, բայց չգիտես ինչու ԵՊՀ-ի պարագայում անմիջապես տեղի ունեցան կտրուկ քայլեր՝ ռեկտորի հրաժարականը պահանջելու ուղղությամբ: Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի կրթական համակարգում բոլոր համալսարաններում, բոլոր օղակներում ամեն ինչ կարգին է, միայն ԵՊՀ ռեկտորը պետք է հրաժարական տա:

Կրթության փորձագետը տպավորություն ունի, որ իշխանությունները սպասում են կրթության մասին նոր օրենքին։ Գործընթացը կրկին ձգձգվում է, և այս ամենը շուտով իր հետևանքները կունենա։

«ԵՊՀ-ն բավական մեծ կառույց է, էս տեսակի կազմակերպությունների հանդեպ չի կարելի այսպիսի վերաբերմունք ցույց տալ, չի կարելի երեք տարի շարունակ հետաձգել, ձգել, ինչ-որ բաներ մտածել, որ չլինի ընտրությունը։ Սա, իհարկե, հեռահար ձևով բացասական ազդեցություն կունենա», - ընդգծեց Խաչատրյանը:

Բուհում նոր ռեկտորի ընտրություն հնարավոր կլինի միայն հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորումից հետո, իսկ թե երբ դա տեղի կունենա, առայժմ հայտնի չէ։

XS
SM
MD
LG