Մատչելիության հղումներ

Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, դիմել է ՍԴ


Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը, հայտնում են Արմեն Սարգսյանի աշխատակազմից: Վերջինս դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

Ըստ օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը:

«Սակայն հարկ է ընդգծել, որ օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները», - ասված է նախագահականի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ դրա առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս առաջ էր ընդունել։ Նոր օրենքով բուհերի հոգաբարձուների խորհրդի թիվը զգալի կրճատվելու էր՝ 32-ից 9 հոգի, իսկ անդամներից 5-ը ներկայացնելու էին Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։

XS
SM
MD
LG