Մատչելիության հղումներ

«Ուզում են մեծամասնություն ունենալ, որ իրենց ուզած մարդն ընտրվի ռեկտոր», ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց


Երևանի պետական համալսարանում շուրջ 2 տարի է՝ ռեկտորի ընտրություն այդպես էլ չի կազմակերպվում։ Բուհի կառավարչի թափուր պաշտոնի նոր մրցույթի հայտարարման հարցն այսօր հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում էր, սակայն որոշում չկայացվեց, այն կրկին հետաձգվեց։

Պատճառն այս նիստի ներկա 17 անդամներից մեկի բացակայությունն էր։ Մեկ ժամ քննարկումից հետո որոշվեց` առանց բացակա անդամի հնարավոր չէ նիստը շարունակել, ընդմիջել է պետք մինչ վաղը։

«Կարծում եմ՝ մենք վաղը կշարունակենք նիստի աշխատանքները, լիահույս լինենք, որ մեր խորհրդի անդամներից մեկը, որ ընտանիքի անդամներից մեկը առողջական խնդիր ուներ, վաղը իրեն լավ կզգա, և կկարողանա այդ անդամը ևս մասնակցել լիարժեք նիստին», - ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 հոգանոց կազմից կառավարության և Կրթության նախարարության կողմից նշանակված 15 ներկայացուցիչները օրերս են հրաժարականի դիմում են ներկայարցել, նրանցից միայն մեկն է մնացել խորհրդի կազմում։ Խորհրդի համալսարանական որոշ անդամներ ենթադրում են, թե իշխանությունն է հրժարականները կազմակերպել, որպեսզի ռեկտորի ընտրությունը հետաձգվի մինչ Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի ուժի մեջ մտնելը։

«50-50 սկզբունքով ձևավորված խորհրդում ռեկտոր ընտրվի, այսինքն իրենք ուզում են, որպեսզի մեծամասնություն ունենան, որ, ենթադրաբար, իրենց ուզած մարդն ընտրվի ռեկտոր, այլ հիմնավորում թերևս չեմ կարող», - նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչատրյանը:

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս առաջ էր ընդունել, այն ուղարկվել է նախագահին, սակայն Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։ Նոր օրենքով բուհերի հոգաբարձուների խորհրդի թիվը զգալի կրճատվելու է՝ 32-ից 9 հոգի, իսկ անդամներից 5-ը ներկայացնելու են Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։

Այս դրույթը դժգոհություն պատճառ էր դարձել բուհերում, թե այդպիսով նվազում է նրանց ինքնավարությունը, քանի որ, ըստ էության, կառավարությունը ռեկտորին նշանակելու հնարավորություն է ստանում։ Իրենց հրաժարականը Կրթության նախարարության կողմից նշանակված հոգաբարձուների անդամներն այլ բանով են պայմանավորում։ Հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին ադամ Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատճառաբանեց, թե իրենց որոշումը կապված է հունվարի 29-ին անցկացված նիստի հետ։ Պնդեց, թե այդ օրն իրենք մի որոշման տակ են ստորագրել, հետո մեկ այլ որոշում է հրապարակվել ԵՊՀ պաշտոնական կայքում։

«Քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը ժամանակավոր է և նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը», - նշեց Անդրեասյանը:

Փոխնախարարը հարցի լուծումը տեսնում է նոր խորհրդի ձևավորման մեջ, քանի որ ըստ նրա՝ խորհրդի մյուս անդամնդերի կողմից խեղաթյուրվել են նախորդ նիստում կացված որոշումները. «Առնվազն չունենք վստահություն այդ խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և մեր դիրքորոշումն է, որ մենք կարիք ունենք կառուցողական մթնոլորտի, բուհի զարգացման խնդիրների մասին խոսող, քննարկող և դրանցով իրապես մտահոգ խորհրդի ձևավորման, որը կառուցված կլինի առաջնային հիմքով վստահության վրա»:

Մինչդեռ ԵՊՀ հոգաբարձուների համալսարանական անդամները չեն ընդունում փոխնախարարի մեղադրանքները։

«Հիմա խորհրդի նախագահ չի ընտրվել, բնական է, որ այն տեքստը, որը ներկայացված էր, որ այսինչ մարդը ընտրվեց խորհրդի նախագահ, նախապես առաքված, և այն ինչը, որ հետո պետք է վերջնական տեսք ստանար իրավաբանական տեքստ, բնական է, որ պետք է ունենար տարբերություն», - նշեց Միքայել Մալխասյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը քվորման դեպքում կշարունակվի վաղը ժամը 17-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG