Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի առաջարկով Գիտությունների ազգային ակադեմիան այսօր խորհրդի նիստ է գումարել


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով Գիտությունների ազգային ակադեմիան այսօր խորհրդի նիստ է գումարել:

Նախագահը ցանկացել է լսել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները։

«Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է։ Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը», - ասել է նախագահը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը մարտի վերջին ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: ԳԱԱ ցանցում գործած ինստիտուտների գիտնականները նոր օրենքում բարեփոխումներ չեն տեսնում։

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն այսօր իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

ԳԱԱ առաջարկությունները փոխանցվել են հանրապետության նախագահի աշխատակազմին։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները պարզապես բառեր չեն. հենց այդ ոլորտներն են երկրի ապագան:

«Գիտությունը պետք է զարգանա, 21-րդ դարում առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության առաջ գնալ հնարավոր չէ, առավել ևս Հայաստանի նման երկրի դեպքում, որը մարդկային ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունի: Ու եթե մենք փորձելու ենք վաղն ինչ-որ բանի հասնել, դա կրթության և գիտության միջոցով է լինելու: Մարդկային ռեսուրսը, գիտությունը և տեխնոլոգիաները մեր երկրի համար բացարձակ անհրաժեշտություն են: Բայց 21-րդ դարում պետք է հստակ իմանալ, թե երկիրն ինչպիսի ապագա է ունենալու 20-30 տարի հետո: Ի՞նչը պետք է զարգացնենք, որ 20-30 տարի հետո ունենանք մեր արժանապատիվ տեղը և լինենք ուժեղ պետություն: Հետևաբար, օրենքի հիմնավորումը պետք է գա գիտության և կրթության մասին տեսլականից՝ ուր ես ուզում տանել, ինչպիսի գիտություն ու կրթություն ես ուզում զարգացնել: Եվ այդ կոնկրետ ոլորտի զարգացման տեսլականը պետք է արտացոլվի օրենքի մեջ», - ասել է նախագահը:

Մյուս կարևոր հիմնակետը Արմեն Սարգսյանը համարել է ժառանգությունը. - «Ժառանգությունը շատ էական է և չի հնանում: Ուսումնասիրելով աշխարհի լավագույն օրինակները՝ պետք է կարողանաս ստեղծել քոնը, պահպանելով մեր ունեցածը: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հենց սա է՝ հաշվի առնելով ժառանգությունը, համաշխարհային փորձը, ունենալ հստակ տեսլական պետության համար, ունենալ տեսլական գիտության և կրթության զարգացման համար, և դրանից հետո հիմնավորել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ունենանք: Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են»:

XS
SM
MD
LG