Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանի որոշ հայտարարություններ արդարացնում են բռնությունը, պնդում է Մարիա Կարապետյանը


Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը, անդրադառնալով երեկ ՄԻՊ-ի հետ խորհրդարանում ունեցած բանավեճին, պնդում է` Արման Թաթոյանի որոշ հայտարարություններ արդարացնում են բռնությունը:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում ներկայացրեց իր գրասենյակի գործունեության տարեկան զեկույցը։ Մարդու իրավունքների պաշտպանին հարցեր ուղղած պատգամավորներից շատերը նրան երախտիքի խոսքեր էին հայտնում միջազգային հարթակներում կատարած աշխատանքի համար։ Օմբուդսմենին շնորհակալություն հայտնեց նաև Մարիա Կարապետյանը, որը, այդուհանդերձ, նշեց՝ Թաթոյանի որոշ գնահատականներ ինքը չի կիսում։ Թաթոյանի արձագանքը չուշացավ:

«Ազատության» հետ զրույցում պատգամավորը մեկնաբանում է իր երեկվա հայտարարությունները: Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Մարիա Կարապետյան - Համատեքստը, որ ինքը ստեղծում է, շատ անհասկանալի է, տարակուսանք է առաջացնում և համընկնում է որոշ քաղաքական օրակարգերի հետ: Ես պարոն Թաթոյանին խնդրել եմ պարզաբանել, միևնույն ժամանակ ինքը հաճախ խոսում է նաև հանրային տագնապից, բայց մատնանշել եմ, որ դեկտեմբերի 2-րդ կեսին սահմանազատման, սահմանագծման իբր թե ընթացող գործընթացների շուրջ իր հայտարարությունները, պնդումները, որ դրանք ընթանում են, այդ նույն անորոշության զգացողությունը և տագնապի զգացողությունը հանրության մոտ բարձրացրել է: Եվ խնդրել եմ պարզաբանել` ինչու, երբ ԱԳՆ-ն հերքեց դա, ինքը չասաց, որ ժողովուրդ ջան, կներեք, այդպիսի գործընթաց չէր ընթանում:

«Ազատություն» - Որովհետև գետնի վրա իրադարձություններ էին տեղի ունենում, Սյունիքում ադրբեջանցիները մտել էին Շուռնուխ, այդտեղ իսկապես ճանապարհ էր բացվում, և մարդիկ ուզում էին հասկանալ` մինչև ուր կարող էր հասնել ադրբեջանական զինուժը: Երևանից ասում էին` միայն հայտարարություններ էին, հանգիստ եղեք, որևէ բան չի կատարվում:

Մարիա Կարապետյան - Բայց մեր խնդիրն էլ նա է, որ մեր իրական վտանգներն արդեն իսկ բավարար են, որպեսզի մենք բոլորս անհանգիստ լինենք և քայլեր ձեռնարկենք, որպեսզի չեզոքացնենք այդ վտանգները: Հավելյալ պատճառներ ստեղծելու, անորոշության, տագնապի, դրա նպատակը ո՞րն է:

«Ազատություն» - Ի դեպ, այդ առիթով նա այսպիսի մի ձևակերպում արեց, որ հենց Ադրբեջանն է ուզում Երևանից լսել հայտարարություններ, որ հանգիստ եղեք, որևէ բան չի կատարվում, այնինչ իրականում կատարվում է ինչ-որ բան:

Մարիա Կարապետյան - Գիտեք, այստեղ մի այսպիսի դինամիկա կա. ես պարոն Թաթոյանին երբ այս հարցադրումներն արեցի հանձնաժողովում, նա շատ հանգիստ, իմիջիայլոց, պատասխանեց, նույն քննարկումն էր տեղի ունեցել: Մինչդեռ Ազգային ժողովի ամբիոնից նա փրփրեց և զայրացավ, որոշեց, որ այդ արտաքին քաղաքական օրակարգերը պետք է խոսակցության մաս դարձնի` ինձ հակադարձելու համար, ինչը քաղաքական գործիք է, ավելին` ընդդիմադիր քաղաքական գործիք է` այդ զայրույթը գեներացնելը հիմա էլ իմ նկատմամբ:

Նաև երբ ես իրեն հարցրի այդ սահմանազատման, սահմանագծման գործընթացների մասին, ինչո՞ւ է այդքան վստահ խոսել դեկտեմբերին, երբ հերքումներ պաշտոնյաները տարածում էին, որ նման գործընթաց չկա, ինքը վկայակոչեց (հանձնաժողովում սա), որ իրեն անհրաժեշտ էր հանրային արձագանք, այսինքն` ինքն է մատնանշում, որ հանրային ալիքներ են իրեն անհրաժեշտ: Հիմա պետք է մենք տարանջատենք հա, այո Ալիևի ռեժիմի հանցագործությունները պետք է ապացուցահենք բազա ունենա, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեծ աշխատանք է կատարել այս հարցում` փաստահավաք աշխատանք, և մենք մեր աշխատանքում օգտագործում ենք այդ աշխատանքի արդյունքները, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան համատեքստում դա պետք է ալիքներ առաջացնի:

«Ազատություն» - Տիկի՛ն Կարապետյան, նա բավականին թափանցիկ ակնարկեց, որ եկեք, միասին գնանք, տեսնենք` ինչ է կատարվում: Դուք կկարողանա՞ք մարդու իրավունքները Սյունիքում պաշտպանել, հատկապես համանուն հանձնաժողովի անդամ եք: Եթե ես սա փոխադրեմ ավելի կոպիտ, որ ինքը գնում է, տեղում աշխատում է, Դուք խորհրդարանից ասում եք` բան չի կատարվում:

Մարիա Կարապետյան - Ուրեմն, խորհրդարանականներս շատ ենք, և իմ գործընկերները Սյունիք այցելում են, և Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ ինձ այդ հրավերն անելը ևս քաղաքական է, այսինքն` ես իրեն խնդրում եմ պարզաբանել այլ դրվագներում զեկույցում իր արձանագրումները, և նա դա անելու փոխարեն ասում է` ինչո՞ւ չեք Սյունիք գնում: Դա քաղաքական խոսք է, որը ընդդիմադիր քաղաքական գործիչը կարող էր ինձ ասել:

«Ազատություն» - Դուք նաև քաղաքական ենթատեքստում ասել եք, որ իր որոշ գնահատականներում էլ կան այդպիսի երանգավորումներ, որոնք չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես ի՞նչ նկատի ունեք, օրինակ` ներքաղաքական թեմաների՞ն է միջամտել, ի՞նչ:

Մարիա Կարապետյան - Սկսած նոյեմբերի 9-ի գիշերից, դրան հաջորդող հեղաշրջման ձախողման փորձը, գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող ուղղակի բռնության կոչերն ու մահափորձեր անելու կոչերը, այսինքն` դրանք շարունակելու կոչերը, հիմա սրանք կան, եթե Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող պաշտպանել հանրային իշխանության մարմիններին, ինչպես ինքը պնդում է, այդ դեպքում ավելի լավ է բացարձակ գնահատական չտա այս իրադարձություններին:

«Ազատություն» - Ասում է` դատապարտել եմ բռնությունը:

Մարիա Կարապետյան - Դատապարտելուն զուգահեռ հաջորդ պարբերության մեջ ինքը կոնտեքստավորում է այդ գործողությունները` դրանց համար գտնելով պատճառաբանություններ, ասելով, որ ինֆորմացիոն վակուումն այնքան է սրվել, որ այդ գործողություններն ոչ այլ ինչ են, քան դրանց հետևանք: Մի՞թե սա արդարացում չէ նման վարքի, այսինքն` ստացվում է, որ քաղաքացիները կարող են եզրակացություն անել, որ եթե կրկին զգացողություն ունեն թերի ինֆորմացված լինելու, կարող են նման հարձակո՞ւմ կազմակերպել:

«Ազատություն» - Դուք կգնայի՞ք ավելի հեռուն, որ նա ուղղորդված է ինչ-որ ուժերի կողմից:

Մարիա Կարապետյան - Այդպիսի պնդում չեմ կարող անել:

«Ազատություն» - Այսինքն` չէիք անի հայտարարություններ, որ նա պետք է հրաժարական տա, անհամատեղելի է:

Մարիա Կարապետյան - Բնականաբար, ոչ:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG