Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Պաշտպանն նշել է, որ խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և վերջապես՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգության մասին է:
Թաթոյանն ընդգծել է՝ անձամբ է իր աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին: Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ», - հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը:
Նշենք, որ սյունեցիները երեկ առավոտից փակել էին Կապան-Գորիս ճանապարհահատվածը։ Մարդիկ անվտանգության երաշխիք են ուզում։ Սյունիքի բոլոր խոշորացված համայնքներն այժմ դարձել են սահմանամերձ, իսկ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ուղղակի գտնվում է Ադրբեջանին տրվող տարածքում։