Մատչելիության հղումներ

Խախտվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, ՄԻՊ-ը ներկայացրել է տարեկան զեկույցը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց իր գրասենյակի գործունեության տարեկան զեկույցը։ Ծանր 2020-ի վերաբերյալ ծավալուն զեկույցում Թաթոյանն անդրադարձավ ինչպես նախորդ տարի արտակարգ ու ռազմական դրության պատճառով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, այնպես էլ պատերազմին ու գերեվարված անձանց։

2020-ի մարտին կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն ապա պատերազմի շրջանում երկիրն անցավ ռազմական դրության ռեժիմի, Թաթոյանը ներկայացրեց այդ շրջանում մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումների որոշ օրինակներ։

«Արտակարգ դրության ժամանակ ամենահիմնարար հարցերից մեկը կապված էր մեկուսացման կամ ինքնամեկուսացման հետ, մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքային առումով անթույլատրելի էր այն, որ կառավարության տևական ժամանակ այս սահմանափակումները սխալ մոտեցմամբ դիտարկվում էր ազատ տեղաշարժման, այլ ոչ թե անձնական ազատության իրավունքի տեսանկյունից: Թե՛ մեկուսացումը և թե՛ ինքնամեկուսացումն անհրաժեշտ է դիտարկել անձնական ազատության իրավունքի շրջանակում ու մարդուն վերաբերվել որպես ազատությունից զրկվածի: Կարանտինային վայրերն ազատությունից զրկման փաստացի վայրեր են ու պետք է հարցին մոտենալ անձնական ազատության իրավունքի տեսանկյունից», - հայտարարեց Թաթոյանը:

Արտակարգ և ռազմական դրության օրերին, ըստ Արման Թաթոյանի, համակարգային էր օրենսդրական հարցերում ոչ պատշաճ հանրային քննարկման խնդիրը. «Պետք է հաշվի առնել, որ բոլոր կանոնների վերջնական հասցեատերը հասարակությունն է, իրավունքների ու ազատությունների սահմանափակումն իր վրա կրող քաղաքացին, ովքեր կրում են դրանց ոչ պատշաճ իրավակիրառման բացասական հետևանքները: Ընդ որում՝ սահմանափակումների ձևակերպումները լինում էին նաև այնքան ընդհանրական, որ ստացվում էր, թե քաղաքացու համար նախատեսվող սահմանափակումն անհրաժեշտ է, ինքնին հրատապ է՝ ելնելով միայն այն փաստից, որ երկրում հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն: Կառավարության այս մոտեցումն անընդունելի էր սկզբունքային առումով»:

Օմբուդսմենն անդրադարձավ նաև գերիների վերադարձի խնդրին ու Ադրբեջանում առկա հայատյացության մթնոլորտին. Ադրբեջանի նախագահի ու հանրային գործիչների արտահայտությունները պատերազմի ընթացքում, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, դարձել էին հայերի հանդեպ դաժանությունը ոգեշնչող կարգախոսներ. «Օրինակ՝ ադրբեջանական զինվորները քշում են նրանց, ինչպես շներին, Հայաստանն արժեք չունեցող երկիր է, այն ադրբեջանի հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է, Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին և այլն»:

Թաթոյանի գնահատմամբ՝ դրությունը սուր է հատկապես պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքի մարզում: ՄԻՊ-ի խոսքով՝ պատերազմից հետո սահմանների ճշգրտման գործընթացներն ընթանում են առանց մասնագիտական մոտեցման, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում:

«Տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ նրանք զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները պետական գրանցման են ենթարկվել, օրինակ, սեփականության իրավունքը Խորհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից», - ընդգծեց օմբուդսմենը:

Զեկույցը հրապարակելիս Թաթոյանը քննադատեց տարբեր քաղաքական բևեռների ներկայացուցիչների միմյանց թիրախավորելու դեպքերը:

Մարդու իրավունքների պաշտպանին հարցեր ուղղած պատգամավորներից շատերը նրան երախտիքի խոսքեր էին հայտնում միջազգային հարթակներում կատարած աշխատանքի համար։ Օմբուդսմենին շնորհակալություն հայտնեց նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը, այդուհանդերձ, նշեց՝ Թաթոյանի որոշ գնահատականներ ինքը չի կիսում։

«Սկսած դեկտեմբերի 17-ից, պարոն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին, կործես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում: Օրինակ՝ դեկտեմբերի 17-ին հայտարարել եք՝ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում՝ կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ ունեն իրական հիմքեր», - նշեց Կարապետյանը:

Թաթոյանի արձագանքը չուշացավ. «Ես ասում եմ՝ ադրբեջանցիները սպառնում են, ինֆորմացիա են տարածում, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել ես սահմանազատում բառը, ամսի 17-ին ասել ես սահմանագծում բառը, բա դա եղա՞վ, դա Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանությո՞ւն է: Մի հատ գնանք իրար հետ նայենք էլի սահմանին ինչ է կատարվում, դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ կամ Կապանից ճակատային գնացող գյուղի հատվածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG