Մատչելիության հղումներ

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը․ Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են բնակիչների հետ


Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը․ նախագահ Արմեն Սարգսյանն ու մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ, հանդիպել բնակիչների հետ:

Ըստ Պաշտպանի՝ բնակիչները, որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ:

Հաղորդագրությունում նշվում է, որ պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից: Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը:

Նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ, ասված է հաղորդագրությունում:

Սյունիքի մարզում բազմաթիվ բնակավայրեր սահմանապահ են դարձել պատերազմից հետո։ Ամիսներ շարունակ համայնքապետերը ահազանգում էին, որ անվտանգության խնդիրներ կան, բանակցում էին ադրբեջանական կողմի հետ, ֆեյսբուքայն զգացմունքային միացումներով խնդրում իշխանություններին օգնել իրենց ապացուցելու, որ այս կամ այն տարածքը հայկական է ։ Մի քանի անգամ էլ սյունեցիները Գորիս-Կապան մայրուղին փակեցին։ Շուռնուխում 12 ընտանիք է տուն կորցրել։

XS
SM
MD
LG