Մատչելիության հղումներ

Ըստ Սյունիքի համայնքապետերի՝ այսօր տեղի կունենա Հայաստան-Ադրբեջան սահմանի ճշգրտումը


Երեկ աշխատանքային այցով Սյունիք է մեկնել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, լսել նրանց մտահոգություններն ու վստահեցրել՝ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության, համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Նշենք, որ սյունեցիներն արդեն մի քանի օր է ահազանգում են՝ տարածքներ են կորցնում, որոշ համայնքներ, որոնք Խորհրդային միության սահմաններով Ադրբեջանի տարածք են համարվել, հանձնվելու են Ադրբեջանին։ Կապանի քաղաքապետը նաև վերջնաժամկետ է նշում՝ այսօր մինչև ժամը 17։00-ն։ Սյունեցիները երեկ նաև փակել էին Կապան-Գորիս ավտոճանապարհը։ Նրանք անվտանգության երաշխիքներ են ուզում։

Պաշտպանության նախարարն ընդգծել է՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։

Հարությունյանի խոսքով՝ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:

Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝ ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու:

Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի հատվածում պետք է իրականացվի սահմանների ճշգրտում և այդ պրոցեսն ունի որոշակի բարդություն։

«Բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը, Խորհրդային միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանների տրամաբանությամբ, 21 կիլոմետրանոց այդ ճանապարհը երբեմն՝ տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել», - ասել էր վարչապետը՝ շարունակելով․ - «Այդ սահմանները ճշգրտվում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, իսկ Ջի-Փի-Էս սարքերը օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG