Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում է արդարացիորեն բաշխել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ավելի շատ ներդրումներ կատարել վակցինայի արտադրության, արագ թեստերի միջոցներ ստեղծելու ու թերապիայի բնագավառներում։
Ժնևում երեկ կայացած մամուլի ասուլիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե 190 երկիր սկսել է վակցինացիայի ծրագրերը։
Նա նշել է, որ COVAX ծրագրով պատվաստանյութի 36 միլիոն չափաբաժին է տրամադրվել 86 երկրի։
COVAX-ը միջազգային ծրագիր է պատվաստանյութը էժան, զեղչված գներով աղքատ ու թույլ զարգացած երկրներին բաշխելու համար։ Վերջերս այդ ծրագրով պատվաստանյութ է ստացել նաև Հայաստանը։