Մատչելիության հղումներ

«Մտածում էի` թեթև գրիպ է, բայց հասկացա` կորոնավիրուսը ռակից էլ վատ հիվանդություն է», ասում է լոռեցի կինը


Լոռու մարզի Ախթալա համայնքի բնակիչ Անահիտ Խառատյանն ամուսնու հետ 20 օր Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսի դեմ բուժում ստանալուց հետո քովիդի վտանգավորությունն անգամ քաղցկեղի հետ է համեմատում։ 48-ամյա կինը խոստովանում է՝ ոչ միայն չեն պատկերացրել, որ վիրուսը իրենց էլ կհասնի, այլ անգամ չեն հավատացել դրա գոյությանը, մինչ այն պահը, երբ շնչահեղձության հասած ամուսնու համար հիվանդանոցներում ազատ տեղ չէին գտնում։

«Հավանաբար մենք մի քիչ ուշ դիմեցինք, տանը մի քանի օր ավելի երևի մնացինք, 23-ին գնացինք թեստ հանձնելու, իմացանք` դրական է, մինչև հիվանդանոցներում տեղ բացվեց, երևի մի 2 օր էլ այդպես ձգձգվեց: Ես մի քիչ թեթև տարա, ճիշտն ասած, բայց ամուսինս էր ծայրահեղ ծանր վիճակում, Ալավերդու բժշկական կենտրոնից տեղափոխեցինք Սպիտակի բժշկական կենտրոն:

Սկզբում չէի հավատում ես ինքս, բայց երբ որ այդ վիճակը հասավ, նույնիսկ բոլորին խորհուրդ եմ տալիս առանց ձեռնոցի, առանց դիմակի դուրս չգան, չշփվեն միմյանց հետ, զգույշ լինեն: Չէի հավատում, մտածում էի` թեթև գրիպ է, հազ, ջերմություն ա, երևի նույն առաջվա հիվանդությունն ա, անունն ա կորոնա, բայց այդ քանի օրը ես, շփվելով, տեսնելով այդ ամեն ինչը, հասկացա, որ սա նույնիսկ ռակից էլ վատ հիվանդություն ա»:

Անահիտ Խառատանը նշում է՝ առաջին ախտանշաններն զգալուց ընդամենը 5 օր անց ամուսինը հասել է ծայրահեղ ծանր վիճակի։ Թոքերն ախտահարվել են 70 տոկոսով։ Նախկինում ինսուլտ տարած տղամարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակի մեջ ահռելի դրական տեղաշարժ կա։ Բժիշկներին հաջողվել է կանխել ինֆարկտն ու ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերել նրան։ Կինն ասում է՝ նախկինում՝ անգամ ինսուլտից հետո, ամուսինը հիվանդացել էր գրիպով, բայց այժմ եզրակացնում է՝ քովիդը ոչ մի տեսակ գրիպի նման չէ, ինչպես կարծում էին ավելի վաղ. «Ինքը ինսուլտ տարած մարդ ա, բայց դիմացկուն է եղել, միշտ թեթև, ոտքի վրա անցկացրել է ամեն ինչ, բայց էս անգամ ահավոր էր»:

Ամուսիններն աշխատում են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։ Խառատյանը չգիտի՝ աշխատավայրում են վարակվել, թե առօրյա շփումների արդյունքում։ Շեշտում է, որ իրենց շրջապատում վերջին շրջանում բազմաթիվ են վարակվածության դեպքերը։ Օրերս Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը ևս «Ազատությանն» ասել էր, որ Լոռիում հիվանդացության աշխարհագրությունը փոխվել է։ Եթե նախկինում ավելի շատ հիվանդներ ունենում էին Վանաձոր և Ստեփանավան համայնքներից ու դրանց շրջակա բնակավայրերից, ապա վերջերս հիվանդությունը հասել է Հայաստանի հյուսիս. «Այո, ակտիվություն կա, հատկապես Ալավերդու կողմից, Դսեղի, Շնողի, Իջևանի կողմից ակտիվությունը շատ ավելի է, ամեն դեպքում այս պահին ինձ մոտ նախկինում հոսպիտալացված Սպիտակի բժշկական կենտրոնում Դսեղից, Ալավերդուց, Շնողի կողմերից քիչ էին, հիմա բավականին ակտիվ է այդ կողմը»:

Հայաստանում երեկ կատարվել է 4 հազար 829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` առողջացածների թիվն ավելացել է 1020-ով, գրանցվել է 23 մահվան դեպք: Վիրուսով վարակված ևս 8 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից 3 հազար 720-ը մահացել են։ Եվս 952 մարդ ունեցել է կորոնավիրուս, բայց այլ հիվանդությունից է մահացել։

Հակահամաճարակային կենտրոնի մասնագետների տվյալներով` ամենաշատ վարակվածության դեպքերն արձանագրվել են Երևանում։ Մարզերում վարակակիրների թվով առաջատար են Կոտայքը, Լոռին և Տավուշը։ Նշենք, որ Հայաստանը ձեռք է բերել 24 հազար AstraZeneca և 15 հազար Sputnik V պատվաստանյութ, որոնցով առաջնահերթ պատվաստվելու են ռիսկային խմբերում ընդգրկվածները, մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:

XS
SM
MD
LG