«Սուրբ Գրիգոր Լուսավորչում» 6 քաղաքացի է այսօր պատվաստվել
Թեև այսօրվանից Երևանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներն, այդուհանդերձ քաղաքապետարանից և Երևանի պետական բժշկական համալսարանից տեղեկացանք, որ իրենց ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում մարդկանց մեծ շարժ չկա։
Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պատվաստումների մեկնարկին` այսօր պատվաստվել է 6 քաղաքացի. «Ընդունել ենք 7 քաղաքացի, պատվաստել ենք 6-ին, հսկումը 30 րոպեն կատարվել է մեր կողմից, բոլորի մոտ ընթացել է հարթ, 6 պատվաստվածներից 5-ն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, թերապևտը դիտել է, այս պահին ռեմիսիայի շրջանում են գտնվել, հակացուցում չ եղել, ստացել են պատվաստումները»:
«Չենք վարակվել ոչ ես, ոչ ամուսինս, բայց եկել ենք սրսկվելու, որ չհիվանդանանք», - ասում է պատվաստված կանանցից մեկը:
«Կորոնայով չեմ հիվանդացել ու կարծում եմ, որ բախտս է բերել, այս երկար ամիսների ընթացքում, որովհետև ամենազգույշ քաղաքացին չեմ»:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ կիրառվում է երկու պատվաստանյութ, այսօր Երևանում և վաղը մարզերում կկիրառվի բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, օրեր անց էլ ռուսական Sputnik V-ն։
Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ AstraZeneca-ով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։ Իսկ քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, դրանով էլ կպատվաստվեն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։
«Կպատվաստվե՞ք արդյոք կորոնավիորւսի դեմ»,- այս հարցն ուղղեցինք անցորդներին։
«Եթե հարկ լինի, կարելի է պատվաստավել, ինչո՞ւ ոչ»:
«Կգնանք էլի»:
«Առայժմ հաստատ չենք պատվաստվի:
«Հլը որ լավ բաներ չեմ լսում պատվաստանյութի մասին»:
«Հիմա ցույց են տալիս, ասում են, որ ինքը շատ վնասակար է, դրա համար հլը որ վախենալու է»:
Հնչում են վերոնշյալ պատասխանները:
Առողջապահության նախարարը երեկ հայտարարել էր, որ նախատեսել են մեկ տարվա ընթացքում մինչև 700 հազար քաղաքացու պատվաստել։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև երեկ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 690 մարդ, հիմնականում բուժաշխատողներ պատվաստվել են Sputnik V պատվաստանյութով, որը Հայաստանը սահմանափակ քանակությամբ ամիսներ առաջ նվիրատվություն էր ստացել Ռուսաստանից։
Ըստ համաճարակաբանի` անհրաժեշտ է պատվաստվել
Համաճարակաբան Արման Բադալյանն ասում է՝ կորոնավիրուսի հետևանքով ծանր ու մահացու դեպքերը կանխելու և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկելու համար պետք է պատվաստվել։ Ըստ նրա՝ պետական մակարդակով պետք է տեղեկատվություն տրամադրվի մարդկանց, թե որ պատվաստանյութից ինչ ռեակցիաներ են առաջացել, կամ թե պատվաստվածներից քանիսն են իրենց լավ զգում և այլն։ Բադալյանն ասաց, որ օրինակ՝ ինքը Հայաստանում կիրառվող երկու պատվաստանյութով էլ կպատվաստվեր. «Ինձ համար միևնույնն է` որ պատվաստանյութով ես կպատվաստվեմ, պետք է սթափ մոտենանք ու հասկանանք, որ ռիսկը հիվանդանալով մահանալու ավելի շատ է, քան հետպատվաստումների բարդություններից խնդիրը: Պետք է սթափ մոտենանք ու հասկանանք, որ անհրաժեշտ է պատվաստվել»:
Ըստ տարբեր երկրների պաշտոնական տվյալների՝ աշխարհում ամենաշատը կիրառվել է AstraZeneca-ն, հետո Pfizer-ը, նոր` Modernan-ն։ Այն, որ եվրոպական մի շարք երկրներ սառեցրել էին AstraZeneca-ով պատվաստումները, հայտարարելով, որ մարդկանց մոտ առաջացել է արյունահոսություն, արյան մակարդելիության խնդիր ու թրոմբոցիտների ցածր քանակ արձանագրվել, համաճարակաբան Արման Բադալյանն ասաց՝ թվերն ավելի խոսուն են. աշխարհում մոտ 200 միլիոն մարդ դրանով է պատվաստվել. «Եթե այս 200 միլիոնից մոտավորապես, եթե թվերով նայենք, մոտ 49 մարդ է մահացել, իսկ թրոմբոգոյացման պարագայում, բնականաբար, մահաբերությունը բարձր է լինում, եթե ինքն առաջանա, այսինքն` հազվադեպ դեպքեր ունենք թրոմբոգոյացման, դրանցից մոտ 40-50 տոկոսը մահանում է, բայց այդ թիվը պատվաստվածների շրջանում, (դա մահացածների մասին է խոսքը), այն թիվն է, ինչ որ մեզ մոտ համարյա գրեթե ամեն օր է, միայն փոքր Հայաստանի Հանրապետությունում: Դե եկեք որոշենք` ինչ ենք անում, կարծում եմ` թվերն ակնհայտ խոսում են ընթացիկ գործընթացի մասին, հիմա ընտրությունը մերն է, բնականաբար»:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացանք, որ մինչև այսօր Հայաստան է ներկրվել 24000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, 7500 քաղաքացու համար էլ՝ 15000 դեղաչափ Sputnik V։ Իսկ մինչ այդ որպես նվիրատվություն Հայաստանին Ռուսաստանի կողմից տրվել էր 2060 դեղաչափ Sputnik V պատվաստանյութ։
Պատվաստումներից հետո, ըստ ՀՎԿԱԿ-ի, արձանագրվել են սպասվող ռեակցիաներ` ներարկման տեղային ռեակցիա, ընդհանուր թուլություն, չափավոր ջերմություն, որոնք կարճատև են եղել։ Մինչ պատվաստումները դեռևս լայն թափով չեն իրականացվում, շարունակվում է քովիդի երրորդ ալիքի տարածումը. այսօրվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 726-ով, բուժվածներինը՝ 824-ով, ևս 22 մարդ էլ մահացել է: