Մատչելիության հղումներ

Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը


Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն այսօր կեսօրից հետո փակեցին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը։

Գերեվարվածների հարազատները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ Պաշտպանության նախարարի հետ․ - «Մեր պահանջն է, որ մեր վարչապետը՝ պարոն Փաշինյանը․․․ էսօր չեկավ, ուրեմն վաղը, էդ ժամանակաշրջանում փակ կեղնի․․․ գա, մեզ հստակ պատասխան տա։ Նույնը Պաշտպանության նախարարը։ Մենք առ էսօր չենք ունեցել մի հատ հստակ պատասխան, հիմա հստակ պատասխան չենք ուզում, ասում ենք՝ մոտավորապես ասեք ինչ ժամանակաշրջանում կգան մեր էրեխեքը։ Հերիք էղավ։ Պիտի գան Գյումրի, չկա մեզի էրթալ Երևան։ Մերը Գյումրին է»։

«Մենք անհապաղ, շատ խիստ ձևով պարտադրում ենք մեր իշխանություններին մեր էրեխեքի վերադարձը։ Մարզպետարանի մուտքը փակ է և փակ կմնա էնքան ժամանակ, մինչև մեր պահանջը չկատարվի։ Մենք պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում անհապաղ»։

Գերեվարվածների մայրերն ու կայանք էլ նստարաններով փակել էին մարզպետարանի միջանցքը՝ կրկին նույն պահանջով․ - «Էսօր մեր էրեխեքի չորրորդ ամիսը լրացավ, որ գերության մեջ են, բայց չունենք ոչ մի պատասխան»։

Գերեվարված պահեստազորայինների հարազատների հետ այսօր հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Փակ դռների հետևում անցած հանդիպումից շատ մանրամասներ չհայտնելով՝ գերիների հարազատները նշեցին, որ առաջարկվել է միջազգային տարբեր կառույցներ նամակներ գրել:

Ծնողներից մեկն էլ ուշադրության հրավիրեց մի հանգամանքի վրա․ - «Ցանկացած էս ծնողներին բերեք էստեղ շարեք ու դեմքերին նայեք․ գոյություն ունի մի ղեկավար անձի էրեխա թե՛ զոհվածների մեջ, թե գերեվարվածների մեջ․․․ Ի՞նչ է կատարվում մեր հանրապետությունում․․․»։

Գերեվարվածների հարազատները վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրը շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր ելքերն ու մուտքերը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, նրանցից դեռևս հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG