Ոստիկանները փորձեցին ուժ կիրառելով Շիրակի մարզպետարանի շենքից դուրս հանել Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներին, սակայն նրանք դուրս չհեռացան: Այս պահին էլ բավականին լարված իրավիճակը մարզպետարանի շենքի ներսում շարունակվում է:
Խծաբերդում նոյեմբերի 9֊ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո գերավարված շիրակցի պահեստազորայինների հարազատները, հիշեցնենք, այսօր կեսօրից հետո փակեցին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` թույլ չտալով աշխատակիցների ու քաղաքացիների ելքն ու մուտքը: Գերավարվածների հարազատները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ պաշտպանության նախարարի հետ:
Նրանք վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրը շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր ելքերն ու մուտքերը: Նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, նրանցից դեռևս հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։