Մատչելիության հղումներ

Խծաբերդում գերեվարվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանի մոտ


Գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները Շիրակի մարզպետարանում, 3-ը մարտի, 2021թ․
Գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները Շիրակի մարզպետարանում, 3-ը մարտի, 2021թ․

Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն այսօր վաղ առավոտից փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել:

Մարզպետարանի մուտքը փակ մնաց մոտ հինգ ժամ։ Ժամը 14-ի սահմաններում մարզպետարանի աշխատանքը վերականգնվեց, թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերեցին գերիների հարազատները և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, երկու կողմն էլ չմեկնաբանեց։

Գերիների հարազատները այսօր կտրականապես հրաժարվեցին շփվել լրատվամիջոցների հետ, չներկայացրին իրենց պահանջները։ Գերեվարված պահեստազորայինները մարզի տարբեր համայնքներից են։ Նրանց հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում։

Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մինչ օրս հայրենադարձվել է 8-ը, մյուս 54-ի հարազատներն այժմ տանջալից սպասման մեջ են։ Գերիների հուսահատ մայրերը երկու օր առաջ ևս բողոքի ակցիա էին անցկացրել Շիրակի մարզպետարանի շենքի ներսում: Այն ժամանակ նրանք ևս մեկ հանդիպում էին պահանջել վարչապետ Փաշինյանի հետ։

«Վարչապետի հետ հանդիպում ունեցել ենք, բայց նորից կուզենք, հստակ պատասխաններ չենք ունեցել։ Մեզ հստակ պատասխան է պետք մեր երեխաների ճակատագրի մասին՝ կոնկրետ բերելու, էլ հնարավոր չէ սպասել, ոչ մեկ մեզ հստակ պատասխան չի տալիս, մնացել ենք մոլորված, անելանելի վիճակի մեջ։ Էս ակցիայի իմաստն էն ա, որ մեզ կոնկրետ պատասխան տան մեր երեխեքի վերաբերյալ ինչ գործեր են ձեռնարկվում։ Թող մեր երկրի վարչապետը՝ գերագույն հրամանատարը գա, մեզ վերջնական պատասխան տա՝ ինչ պիտի լինի էս հարցը», - ասացին «Ազատության» զրուցակիցները։

Վարչապետը 2 շաբաթ առաջ Գյումրիում դռնփակ հանդիպում էր անցկացրել հարազատների հետ։ Ըստ էության այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը ծնողների հետ։

Ակցիայի մասնակցիները նաև պարբերաբար շեշտում են, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն սատարում, իրենց բողոքի ակցիաները քաղաքական չեն, միակ պահանջը իրենց երեխաների վերադարձն է և չեն ցանկանում, որ որևէ քաղաքական ուժ շահարկի գերիների հարցը:

«Մեզ հուզող հարցն այն է, որ այսօրվա դրությամբ քաղաքական և ոչ քաղաքական ուժերը, որոնց կողմից շոշափվում է մեր տղաների հարցը, այսինքն գերությունից ազատելու հարցը, մենք և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական ուժերին հորդորում ենք մեր տղաների վերաբերյալ յուրաքանչյուր հարցի շուրջ իրենց կարծիքները, իրենց քայլերը չկապեն մեր տղաների հետ: Մեզ հետաքրքրում է միայն տղաների վերադարձը, ոչ մի քաղաքական շահի կամ ինչ-որ մի թևի պաշտպանում կամ ինչ-որ մի հարց մենք չունենք», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

XS
SM
MD
LG