Մատչելիության հղումներ

Ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն


Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն՝ անդրադառնալով ռազմագերիների հարցին։

«Ռազմագերիների հարցի կապակցությամբ իմ մոտեցումը պարզ է և հստակ՝ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն ոչ միայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա, այլև միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների հիման վրա», - ասաց դեսպանն՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու համար։

Լաքոթի խոսքով՝ Մինսկի խումբը պատրաստ է միջնորդելու և կողմերին օգնելու: «Համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան», - ասաց դեսպանը:

Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Տես նաև այստեղ

XS
SM
MD
LG