Մատչելիության հղումներ

Հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է, հավաստիացնում է դեսպան Կոպիրկինը


Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Սերգեյ Կոպիրկինի պնդմամբ՝ այդ ուղղությամբ համառ աշխատանք է իրականացվում։

«Գիտեք, այդ մասին խոսում է մեր ղեկավարությունը։ Հարցը մեր առաջնահերթություններից է՝ և՛ Ռուսաստանի ղեկավարության, և՛ խաղաղապահ կոնտինգենտի։ Համառ աշխատանք է տարվում, կան որոշակի առաջխաղացումներ, դուք գիտեք։ Մի քանի անգամ գերիներ վերադարձվեցին։ Աշխատանքը շարունակվում է», - ասել է դեսպանը:

Հայ գերիների հերթական խմբի վերադարձը հայրենիք անցած շաբաթ՝ Փաշինյան - Պուտին հանդիպումից հետո էր սպասվում, տեղեկությունը հաստատել էին կառավարությունից` չնշելով, սակայն, թե քանի գերի պետք է վերադարձվի։ Ապրիլի 8-ին «Էրեբունի» օդակայան ինքնաթիռը դատարկ էր ժամանել, պաշտոնապես, սակայն, չհայտարարվեց, թե արդյոք մոսկովյան հանդիպմանը Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել էին, թե ոչ։ Պաշտոնական Բաքուն էլ հայտարարեց, թե գերիների հարցը փակված է, և Ադրբեջանում պահվող անձինք ռազմագերիներ չեն։

ՌԴ դեսպանն այսօր պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին չարձագանքեց. - «Ինձ դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը։ Ինչքանով ինձ հայտնի է՝ աշխատանքը շարունակվում է»։

Հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ, որից միայն 72-ի առկայության մասին է հաստատել Ադրբեջանը։

Հայաստանի օմբուդսմանը Ադրբեջանից հնչող հայտարարություններում հակասություններ է տեսնում. Բաքուն մեկ ահաբեկիչ է համարում եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված հայ պահեստազորայիններին, մեկ՝ բոլոր պահվող անձանց, այն դեպքում, երբ նրանցից մի քանիսին արդեն Հայաստան է վերադարձրել։

«Ադրբեջանական իշխանություններն այս թեման շահարկում են, քաղաքականացնում են, իրավական ատյաններն ամեն կերպ փորձում են հեռու պահել: Մենք ունենք չէ՞ նաև լրատվամիջոցներով հրապարակված տեղեկություններ, որ նրանք տարածքային տարբեր հարցերի հետ կապված են ինչ-որ սակարկություններ փորձում անել և այլն, սրանք նույնիսկ պատերազմական հանցագործության հատկանիշներ ունեցող արարքներ են», - ասում է Թաթոյանը։

Նրա խոսքով, այս իրավիճակում կարևոր է, որ միջազգային հանրությունը հայկական կողմի փաստարկներին էլ ծանոթանա։

Հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ Եվրախորհրդարանում նախատեսվող քննարկմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտանը զեկույց կներկայացնի․ - «Ամենագլխավոր փաստարկը, որ ես ներկայացնելու եմ, անընդհատ ներկայացնում ենք, ու այսօր էլ ներկայացնելու եմ, այն է, որ իրականում մենք գործ ունենք թե՛ նոյեմբերի 9-ին առաջ, թե՛ նոյեմբերի 9-ից հետո ընթացիկ, բաց, զինված հակամարտության հետ։ Հետևաբար ով էլ որ ինչ ժամանակահատվածում էլ որ գերի է ընկնում, ապա կարգավիճակով այդպիսին է, և հետևաբար միջազգային բոլոր նորմերի պաշտպանության տակ է»։

Ընդհանուր առմամբ, մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG