«Մեզ քամելու են մինչև վերջ՝ առանց հարցը լուծելու»
Գերիների հարցի շահարկմամբ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանում իրավիճակն էլ ավելի ապակայունացնել, համոզված է քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինիս գնահատմամբ՝ այդ խնդիրը հայկական կողմին ճնշելու լծակ է դարձել ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև Մոսկվայի ու Անկարայի ձեռքում։
«Այդ հարթության վրա հարցը լուծում չունի, մեզ քամելու են մինչև վերջ՝ առանց հարցը լուծելու: Բացի դրանից էլ, իրենց պարտավորությունները չկատարելով՝ միշտ փորձելու են սլաքներն ուղղել մեր դեմ՝ մեզ մեղավոր դարձնելով այս ամեն ինչում, այնպես, ինչպես եղավ գեներալ Մուրադովի կողմից», - ասում է նա։
Չնայած Մեհրաբյանը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Ռուսաստանի միջոցով լուծելն անհավանական է համարում, սակայն վստահ է՝ Մոսկվան ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակում ծանրակշիռ դերակատարում ու մեծ հնարավորություններ ունի այդ հարցն արագ լուծելու, այլ բան է, որ շահագրգիռ չէ։ Ռուսաստանի համար Հայաստանի ինքնիշխանությունը ձեռնտու չէ, Կրեմլը Հայաստանին ցանկանում է տեսնել նույն կարգավիճակում, ինչպես Աբխազիան է, վստահ է քաղաքական մեկնաբանը. «Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենք ամեն ինչով Մոսկվայի սրտով են, բայց բնականաբար, թեկուզ իրենց ծագումնաբանության բերումով Մոսկվայի համար նրանք օտար մարմին են: Մոսկվան ո՞ւմ է վստահում, Մոսկվան վստահում է կրիմինալին, անձնապես խոցելի և քրեական հակումներով ինչ-որ անձանց»:
Ռուբեն Մեհրաբյանի տպավորությամբ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը գերիների վերադարձի շուրջ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն խաթարվել Թուրքիայի միջամտությամբ։ Այն, որ նաև Թուրքիան դերակատարություն ունի այս հարցում, ասում է՝ վկայում է նաև Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև եռակողմ հայտարարությանը։
«Բաքուն փորձում է հակառուսական տրամադրություններ ստեղծել Հայաստանում»
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ էլ՝ պաշտոնական Բաքուն գերիներին չվերադարձնելով առաջին հերթին ցանկանում է հակառուսական տրամադրություններն ավելացնել Հայաստանում, անվստահություն ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Իսկ Մոսկվան փորձո՞ւմ է արդյոք վերջնական լուծում տալ հայ գերիների խնդրին, քաղաքագետը միանշանակ պատասխան չունի։ Երկու հնարավոր վարկած է առաջ քաշում. «Հայաստանը, այսպես ասած, Ռուսաստանի բռի մեջ է։ Հետևաբար՝ գործող վարչապետը կմնա իշխանության, ավելի հակառուսական ուժեր կգան, հանրության մեծ մասը Ռուսաստանին կատի, դա նրանց բացարձակապես չի հուզում, հետևաբար՝ չեն ուզում հավելյալ էներգիա ծախսել գերիների հարցը լուծելու համար։ Տարբերակ համար 1։ Եվ տարբերակ համար 2՝ նրանք իրոք փորձում են գոնե գերիների մի մասին վերադարձնել, իսկ Ադրբեջանը դիմադրում է: Այստեղ արդեն եթե երկրորդ տարբերակն է ճիշտ, իհարկե մենք երբեք չենք իմանա, եթե ճիշտը երկրորդ տարբերակն է, կարծում եմ` այստեղ նաև Թուրքիայի ազդեցությունը պետք է որ լինի, որովհետև, այսպես ասած, Ռուսաստանին մերժելու համար Ադրբեջանը նվազագույնը պետք է ունենա Թուրքիայի աջակցությունը»։
Այնուամենայնիվ, Պողոսյանը վստահ չէ, թե Ռուսաստանը կարող է վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, որոնց թիվը հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալով՝ շուրջ 200 է։ Ասում է՝ քանի որ պաշտոնական Բաքուն գրեթե եռակի անգամ քիչ գերիների առկայությունն է հաստատում. «Ավելի իրատեսական է, որ այդ 70 քանիսից ինչ-որ մարդիկ Ռուսաստանի աջակցությամբ կվերադառնան առաջիկա ամիսներին։ Դա ինձ թվում է՝ լավագույնն է, որ մենք կարող ենք ակնկալել գոնե Ռուսաստանից»:
Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ պաշտոնական Երևանը պետք է գործակցի Ռուսաստանի հետ, բայց նաև միջազգային այլ ազդեցիկ դերակատարների. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո գրեթե կես տարի անց չլուծվող հայ գերիների հարցը միջազգային հարթակ պետք է դուրս բերել. «Մենք պետք է ուղղակի հասկանանք մի բան, որ մեր օրախնդիր հարցերի լուծումը գտնվում է ոչ միայն Ռուսաստանում, դրա համար գոյություն ունեն միջազգային լեգալ, լեգիտիմ մեխանիզմներ: Դա Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափն է, այդ եռանախագահության անդամ երկրները, որոնց հետ մենք ունենք հրաշալի հարաբերություններ` Միացյալ Նահանգները, դա ԵԱՀԿ-ն է, որին անդամակցում է Հայաստանը»:
Մինչդեռ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ ոչ ռուսական, ոչ էլ արևմտյան կողմը մեծ ազդեցություն չեն ունենա գերիների վերադարձի հարցում, եթե պաշտոնական Երևանը քայլեր չձեռնարկի` մասնավորապես հայտարարելով, որ մինչ չլուծվի գերիների հարցը, տարածաշրջանի ապաշրջափակման աշխատանքներում իր մասնակցությունն աննպատակ է. «Դա նվազագույնն է, ինչը, ինձ թվում է, Հայաստանի Հանրապետությունը պետք է անի նախքան մտածելը, թե ինչ կարող է անել Ռուսաստանը, ինչ կարող է անել Ֆրանսիան, ինչ կարող է անել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Չմոռանանք, որ այդ պետությունները հետևում են Հայաստանում իրավիճակին, և նրանց մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ` եթե Հայաստանը շարունակում է կատարել 9-րդ կետի պահանջները, այսինքն` չնայած մեղադրում է Ադրբեջանին, բայց նույնիսկ իր նվազագույն լծակները չի օգտագործում, այդ դեպքում մենք ինչո՞ւ պետք է, այսպես ասած հուզվենք կամ տանջվենք»:
Պողոսյանն ասում է՝ միանշանակ նման քայլը Ռուսաստանը չի ողջունի, բայց և այնպես կոշտ գործողությունների էլ չի գնա ռազմավարական դաշնակցի նկատմամբ։