Պատերազմում պարտությունը, մեծաթիվ զոհերն ու անհետ կորածները, գերիների առկայությունն ու տնտեսության անկումը կազդե՞ն արդյոք արտահերթ ընտրությունների արդյունքների վրա, եթե դրանք տեղի ունենան ամռանն, ինչպես հայտարարել է գործող կառավարությունը։ Վանաձորում կարծիքները տարբեր են։
«Հույս չկա, ապագա չկա, ապրելը արդեն ստեղ դժվար ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի կին, հավելելով՝ չի հավատում, որ ընտրություններն ինչ-որ բան կփոխեն երկրում․ - «Արդեն էլ չեմ հավատում»։
«Պիտի պայքարենք մինչև վերջ», - ասաց մի տղամարդ։
«Սոված, ծարավ նստած ենք, էլի, թանկություն․․․», - ասաց մյուսը։
«Նիկոլը մինչև չգնա, չի ըլնելու», - նշեց մեկ այլ տարեց տղամարդ՝ կարծիք հայտնելով, թե գործող վարչապետի փոխարեն պետք է գա «կատարյալ մարդ»։ Հարցին էլ՝ Հայաստանում տեսնո՞ւմ է այդպիսի մարդու, արձագանքեց․ - «Չէ»։
Առաջիկա ընտրությունների հետ ոմանք հույս են կապում, ուրիշները նշում, թե հիասթափությունը մեծ է, անգամ ընտրությունները չեն լուծի ճգնաժամը․
«Հներին չենք վստահում, նորից դժգոհ ենք, և այլն, բայց հույս ունենք»։
«Խելքս չի կտրում, որ էս ընտրությունները ինչ-որ մի բան փոխեն, որովհետև վստահություն չկա»։
«Ես Նիկոլին չեմ մեղադրում, օրինակ, իմ մեջ։ Սպրավեդլիվի, նենց, բան տղայա, էլի, նենց, կարող ա ուժերը մի քիչ էն չպատեց։ Մտածելով, որ Սերժն էլ մնար, էլի կարող ա նույն պատմությունը գնար, կամ էլ կռիվը մի քիչ հետաձգվեր, էլի, ասենք»։
«Ես պետք ա գնամ ընտրությունների, բայց ես սպասում եմ ավելի ինչ-որ նոր, հետաքրքիր գաղափարներով ուժի։ Փաշինյանին ես համարում եմ ազնիվ, բան մարդ, բայց ոնց որ իրա թիմն ա, թե իրա շրջապատն ա, իրա թուլությունն ա, ոնց որ թե չկարեցավ էդ գնացքը տեղից շարժի, առաջ տանի երկիրը»։
Կոշկակար Գագիկ Գրիգորյանի արհեստանոցում վերջին շրջանում քաղաքական թեմաներով քննարկումներ հաճախ են լինում։ Քննարկել ու եզրակացրել են՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են։ «Ու կմասնակցեն, ժողովրդի մեծ մասը կմասնակցեն։ Եթե չմասնակցեն, դա ճիշտ չի լինի համենայն դեպս», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարպետը։
Վանաձորցի Աշոտ Հարությունյանը հույս չունի, թե Հայաստանում իրավիճակը կփոխվի, քանի դեռ քաղաքական դաշտում նախկին իշխանության ներկայացուցիչները դերակատարություն ունեն։ Մտավախություն ունի, թե արտագաղթը նոր թափ կառնի։ «Քանի որ դեռ էն հները պայքարում են՝ դառնան կառավարություն, ոչ մի լավ բան չի էղնելու ստեղ։ Նորերը ի՞նչ հասցրեցին անեն որ, նորերը ի՞նչ հասցրին արին», - նշեց Հարությունյանը։
Վանաձորցի 80-ամյա Միշայենց ընտանիքում քաղաքական հակասություն է՝ որդին ընդդիմադիր է, հայրը որևէ կուսակցության չի հավատում։ «Մեկը կա՝ «Լուսավոր Հայաստան»-ի համակարգողն ա վարչության, բայց ես չեմ ընդունում հլա որ, ընտրության էլ կարող ա սկի չգնամ», - ասաց տարեց տղամարդը։
Միայն մի հարցում «Ազատությանը» հանդիպած վանաձորցիները միասնական են՝ երբեք իրենց ձայնը չեն վաճառի կուսակցություններին։
«Ես կյանքումս գումար վեկալած չեմ», - շեշտեց նրանցից մեկը։
Մյուսն էլ հարցին՝ «ընտրությունները հիմա արդար կանցնե՞ն», արձագանքեց․ - «Եթե Նիկոլն անցկացնի, կանցնի, իսկ եթե ուրիշը՝ ոչ։ Ռոբերտ Քոչարյանը երբ ա ընտրվե՞լ, որ հմի էլ․․․ նորմալ ընտրություն ե՞րբ ա անցկացրել նա»։
«Ժողովուրդը արդեն խրատվել ա», - հայտարարեց մեկ այլ վանաձորցի։