Պաշտպանության նախարարության մուտքերը 30 ժամ արգելափակելուց հետո անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատները երեկ երեկոյան հանդիպեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Շուրջ 5 ժամ տևած հանդիպումն էլ ծնողներին չի բավարարել, ասում են՝ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։
«Ոչ մի բան էլ չասացին, իրավիճակին չեն տիրապետում մարդիկ բացարձակապես», - ասում են նրանք։
«ԳՇ պետը առհասարակ, նոր պետք ա քննություն անեն, բացահայտեն` ուր են երեխեքը... հնարավոր ա ինչ-որ մի կոնկրետ հարցի լուծում գտնեն, բայց ակնկալիք չկա»:
Հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես Պաշտպանության նախարարությունը, որում նշվում է, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ Նա հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհետ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։ Այլ մանրամասներ պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդում։
«Սպառիչ պատասխան չստացանք, որի մասին գիտեի, որ դա է լինելու, ես որ ակնկալիք, ճիշտն ասած, չունեի: Այդ մարդիկ, ինչ հարց կոնկրետ գերիների հետ կապված կա, Պաշտպանության նախարարությունն էլ, Գենշտաբն էլ, ոչ մի հարց չեն կարում լուծեն: Գերիների հետ կապված սաղ հարցերը դրված են ԱԱԾ-ի վրա, ԱԱԾ-ն է գնում, բանակցություններ վարում, ԱԱԾ-ի գործառույթների մեջ է մտնում», - ասում է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատներից Արսեն Ղուկասյանը:
«Ոչ մեկդ չեք հավատա, որ ոչ մի բան չպարզաբանեցին, մենք մենակ վիճաբանում էինք, իրենք մեզնից վիրավորված էին, որ մենք չթողեցինք իրենց կանայք գնային տուն: Որ մենք անձրև, ձյուն, ցեխի մեջ կանգնած սառում էինք, իրենց ոչ մեկի պետքը չէր, որ այդ կանայք էլ էին էլի կին, որ սաղ հիվանդացան, այս ամբողջ պատմություններից քանի հոգի ամուսիններր ստենտավորվեցին», - ասում է հանդիպմանը մասնակցած կանանցից մեկը:
Ծնողները նաև արձանագրեցին, որ պաշտպանության նախարարը ներկա չէր հանդիպմանը, մինչդեռ հնչում էին հարցեր, որոնց պատասխանները նախարարը պետք է տար։ Ու թեպետ հանդիպման արդյունքներից դժգոհ էին մնացել, այդուհանդերձ պահանջը բավարարվել էր՝ հանդիպումը կայացել։ Հանդիպման ավարտին՝ ուշ երեկոյան, նախարարության մուտքերը բացվեցին՝ նախարարության աշխատակիցները կարողացան տուն գնալ։
Անհետ կորած զինծառայողների ծնողները արդեն երկրորդ անգամ էին փակում նախարարության մուտքերը՝ առաջին դեպքում շուրջ 1 ամիս առաջ նախարարության մուտքերը փակվել էին 1 օրով, այս անգամ արդեն շուրջ 2 օրով։ Ամիսներ շարունակ իրենց որդիներից լուրի սպասող հարազատներն իրենց առաջիկա անելիքների մասին դեռ չեն խոսում, նախ պետք է իրավիճակը քննարկեն ու նոր որոշում կայացնեն։ Զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ավարտին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:
Պատերազմի ավարտից արդեն կես տարի անց անհետ կորածների ու գերիների վերջնական թվեր, անուն-ազգանուններ չկան։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 723 մարմին կամ մասունք, 2 հազար 302 անձի մարմին նույնականացվել է, 238 մարմին ու մասունք դեռևս նույնականացված չեն, որոնողական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1539 աճյուն։ Պատերազմի ավարտից մինչև այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից անհետ կորածների 1063 ընտանիք է հատուցում ստացել։