2019-ից նախարարի պաշտոնը զբաղեցնող 35-ամյա Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումն ու պարտավորած է սեփական փորձով հանրույթանն օրինակ ծառայել։
Վերջին շրջանում նախարարն երկու աղմկահարույց պատմությունների կենտրոնում էր հայտնվել։ Շաբաթներ առաջ լրագրողը երևանյան ռեստորաններից մեկում մոտեցել էր նախարարին ու կնոջը և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին նա ռեստորանում։ Անվտանգության տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է երկխոսությունից հետո լրագրողը հեռանում, քիչ անց, սակայն, նույն ռեստորանում նրան է մոտենում նախարարն ու հարվածներ հասցնում վերջինիս։
Միջադեպի հաջորդ օրը լրագրողին հարվածած նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեմ է ցանկացած բռնության ու ընդգծել՝ «յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք»։ Նա նաև նշել էր՝ թե՛ պաշտոնյա, թե՛ լրագրող առաջին հերթին մարդ են և ունեն էմոցիաներ, նրբանկատ են հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։
Թե՛ նախորդ և թե՛ այսօրվա գրառումներում նախարարն այդպես էլ չի մանրամասնում, թե ինչ կապ ուներ միջադեպն իր ընտանիքի հետ։ Այդուհադներձ, միջադեպից մի քանի օր անց Արշակյանը ներողություն էր խնդրել լրագրողից։
Միջադեպի վերաբերյալ նյութերը ոստիկանությունից ու դատախազությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Այս պահին նյութերի նախապատրաստման փուլում է։ Ընթացքի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարծում է, որ լրագրողների թիրախավորումը նաև պաշտոնյաների կողմից, ավելի հաճախակի է դարձել վերջին երկու տարիներին։ Բարձրաձայնվող քննադատությունը, թե լրագրողներ կան, որ իրենց ակտիվիստի նման են պահում, Դոյդոյանը չի հերքում, բայց ասում է, թե դրան նպաստում են և՛ իշխանությունները, և՛ համացանցը․ - «Լրագրողները չեն կարող պաշտպանել այս կամ այն քաղաքական ուժին։ Ընդհակառակը, նրանց խնդիրն է ներկայացնել և՛ դեմը, և՛ թերին, և փորձել հավասարակշռված ներկայացնել երկու կողմերի կարծիքները։ Մենք ունենք խնդիր լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության, մենք ունենք լրատվամիջոցների հաշվետվողականության ցածր մակարդակի խնդիր, որը նույնպես առկա է, մենք դա խոստովանում ենք, չենք ասում, որ համակարգաը մաքուր է, ստերիլ է և ուղղակի ոչ հիմնավոր քննադատության է ենթարկվում։ Բնականաբար, դա կա։ Բայց քաղաքական վերնախավի կողմից անընդհատ նշել, որ ամբողջ լրատվական դաշտը կեղտոտված է, ամբողջ լրատվական դաշտը առանց պատվերի նյութերի չի գրում, սա ուղղակիորեն մի միտում ունի՝ հեղինակազրկել մամուլը։ Եվ էս գնահատականները երբ որ տրվում են ընտրյալների կողմից, բնականաբար ուղղակիորեն մարսվում են և ընդունվում են հասարակության տարբեր շերտերի կողմից, որն էլ այնուհետև փոխակերպվում է ատելության ընդդեմ լրատվամիջոցների»։
Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն աղմկահարույց պատմության կենտրոնում էր հայտնվել նաև, երբ Աբու Դաբիում ընթացող միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը երեք օր շարունակ առանց հիմնական ցուցանմուշների էր մնացել։ Գերատեսչությունից պարզաբանել էին, որ ցուցանմուշները տեղ չէին հասել առաջացած «լոգիստիկ խնդիրների պատճառով»։
Մեկ ամիս անց նախարարությունն ավարտել է ծառայողական քննությունն ու հայտարարություն տարածել՝ բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում։ Այսպիսով ընդամենը երկու աշխատակից «նկատողություն» է ստացել, իսկ մեկը՝ «խիստ նկատողություն»:
Ի դեպ, միջազգային այս ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու համար պետությունը հանրային միջոցներից ծախսել է 23 միլիոն դրամ։ Ըստ պաշտոնական հայտարարության սակայն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը մասնակից ընկերությունների հաշվին կատարվել:
Նախարարությունից, այնուհանդերձ, հարկ էին համարել փոխանցել՝ ծառայողական քննություն իրականացնողները, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել են՝ «հայկական տաղավարը եղել է գրավիչ»։
«Նախարարության հայտարարությունը չի տալիս շատ կարևոր մի քանի հարցի պատասխան», - ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, ի վերջո, պետբյուջեցի միլիոնավոր դրամներ են հատկացվել այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը ձախողած նախարարությանը․ - «Ամբողջ հարցը այն է, թե այդ բեռնափոխադրող մասնավոր կազմակերպությունը պետությանը պատճառած վնասը փոխհատուցե՞լ է, թե՞ չէ։ Այս խնդիրը լուծվա՞ծ է պայմանագրային դաշտում, թե՞ չէ, և ինչպիսի միջոցներ է ձեռնարկում պետությունը, որպեսզի այդ վնասները փոխհատուցի։ Որովհետև հաղորդագրության մեջ, ճիշտ է, մատնանշվում է, որ այնուամենայնիվ տաղավարը հետաքրքրություն է ներկայացրել տարբեր կազմակերպությունների և պետությունների պատվիրակների համար, բայց այստեղ արդյունավետության հետ կապված խնդիրը հետաքրքրական է։ Արդյո՞ք ազդել է ցուցանմուշների բացակայությունը ընդհանուր ցուցահանդեսում պայմանագրեր կնքելու և այլնի վրա, թե ոչ»։