«Դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպին։
«Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում», - գրել է Արշակյանը՝ նախ ներողություն խնդրելով միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իր արարքով խաթարել է, ապա հայտնել է, որ պատրաստ է կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ։Համացանցում երեկ տեսանյութ հրապարակվեց որտեղ երևում է Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Ավելի ուշ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ երևանյան սրճարաններից մեկում նախարարը հարձակվել է իր վրա, վնասել իր գույքը։
«Երբ տեսա, թե ինչպես է նա աշխատանքային ժամն անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել եմ, թե ինչո՞վ է պայմանավորված և ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում։ Արշակյանը նախ ասեց՝ «գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են» և խնդրեց անջատել տեսախցիկը։ Երբ որ ես անջատեցի տեսախցիկը, վերջինս ասեց, թե կհիշեմ այս օրը և սկսեց սպառնալ։ Ես էլ ասացի, որ նախարար է դա չի նշանակում, որ կարող է այդ տոնով ինձ հետ խոսել և բարձրացել եմ վերև, հետո նա եկել է և հարձակվել է ինձ վրա և վնասել ինձ պատկանող գույքը», - ասաց Ֆահրադյանը՝ տեղեկացնելով, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացնելու։